ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու իր առաքելությանը և գործառույթներին համապատասխան, նախատեսում է վերահսկողական ներգրավվածություն ունենալ 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացին:

Մասնավորապես, ընտրության օրը՝ քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ամբողջ ժամանակահատվածում, Հասարակական խորհրդի անդամները, այդ թվում՝ Խորհրդում ներգրավված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում հերթափոխով կիրականացնեն հերթապահություն և կսպասարկեն հատուկ այդ նպատակով բացված թեժ գիծը /հեռ. 010-54-41-22/: Հասարակական խորհրդի ուշադրության կենտրոնում կլինեն բոլոր այն ահազանգերը, որոնք բացառապես կվերաբերեն ոստիկանության ծառայողներին՝ ինչպես տեղամասային ընտրական կենտրոններում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից անօրինական գործողությունների կամ անգործության, ոստիկանի կերպարին անհարիր վարքագծի դրսևորման դեպքերին, այնպես էլ ոստիկանի նկատմամբ հակաիրավական գործողությունների դեպքերին:

Բոլոր նման ահազանգերը օպերատիվ կերպով կուղղորդվեն ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն: Անհրաժեշտության դեպքում, ըստ ստացված ահազանգի կարևորության և հրատապության, Հասարակական խորհրդի հերթապահող խմբի ներկայացուցիչները անհապաղ կարձագանքեն դեպքերին, ընդհուպ կգտնվեն տեղերում և կպարզեն կատարվածի հանգամանքները՝ անմիջապես տեղեկացնելով ՀՀ ոստիկանության պետին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում