«Իրանի նախագահական ընտրությունների հաղթողի անունն արդեն հայտնի է». Ռոհանի

«Իրանի նախագահական ընտրությունների հաղթողի անունն արդեն հայտնի է». Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ արդեն հայտնի է, թե ով է հաղթել երեկ անցկացված նախագահական ընտրություններում: Նա շնորհավորել է հաղթողին, սակայն չի բացահայտել նրա անունը: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշենք՝ ուրբաթ Իրանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Երկու թեկնածու արդեն շնորհավորել են դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ ժողովրդի ընտրած թեկնածուին: Քանի որ այդ մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել, ես մի փոքր հետաձգելու եմ պաշտոնական շնորհավորանքները՝ հաշվի առնելով օրենքը: Հասկանալի է, թե ով է ստացել անհրաժեշտ քանակի ձայներ», – ասել է Ռոհանին՝ հույս հայտնելով, որ 45 օրից հաղթողը կստանձնի նախագահի պարտականությունները:

Հիշեցնենք՝ ի սկզբանե 7 թեկնածու է մրցել Իրանի ղեկավարի պաշտոնի համար, բայց նրանցից 3-ը հետ էին վերցրել իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվել է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիի, 2 այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Ղազիզադե Հաշեմիի, ինչպես նաև ռեֆորմատոր և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:

Գործող նախագահ Հասան Ռոհանին չի մասնակցել ընտրություններին, քանի որ այլևս չէր կարող իր թեկնածությունն առաջադրել:

Փորձագետները կարծում են, որ հաղթանակ կտանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին, որին սատարում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում