Ադրբեջանը փաստացի ստանում է հետախուզական վիճակագրություն. փորձագետը մանրամասներ է հայտնում

Ադրբեջանը փաստացի ստանում է հետախուզական վիճակագրություն. փորձագետը մանրամասներ է հայտնում

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանցի գործարարը դարձել է տարածաշրջանի մինչև 80% ինտերնետն ապահովող ընկերության սեփականատերը։ Մասնավորապես, վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Nexol Holding ընկերությանը, ընկերության 100% արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը:

Ի՞նչ հետևանք կարող է ունենալ այս գործարքը Հայաստանի համար և ի՞նչ ռիսկեր է այն պարունակում։ Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցել է ՏՏ անվտանգությաան փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար ռիսկերը մեծ են։ Նախ այն, որ Ադրբեջանը կարող է ուղղակի փակել Հայաստանի համար ինտերնետ հասանելիությունը, արդեն խնդիր է։

«Նրանք կարող են ուղղակի փակել կապը։ Ենթադրենք պատերազմ է նորից, իրենք փակում են կապը։ Այդ դեպքում մինչև խնդիրը գտնես ու բարձրաձայնես, ապա օրեր ու շաբաթներ կտևի։ Այսինքն ՝այն կարող է ճնշման գործիք լինել, արգելափակումներ, դժվարություններ մուտքի կամ կրիզիսային պահին ուղղակի կապի փլուզում լինել, քանի որ այդ մայրուղին մեզ համար հիմնականներից է»,- ասաց նա։

Հաջորդ ռիսկն, ըստ Մարտիրոսյանի, այն է, որ իրենք փաստացի ստանում են հետախուզական վիճակագրություն՝ Հայաստանում ինտերնետ կապի օգտագործման մասին և կարող է կիբերհարձակումների համար հարթակ դառնալ։

Նշվեց նաև, որ խնդիրներ կան նաև տարծաշրջանային առումով։

«Ադրբեջանը միայն Հայաստանի հետ կապված չէ այս ամենն անում։ Նա ունի գծած ճանապարհ, որով փորձում է տարածաշրջանում դառնալ կապի հանգույց։ Սա այդ ուղղությամբ արվող քայլերից մեկն է։ Դա, բնականաբար, բարդացնում է մեր դիրքը, քանի որ իրենք ամեն դեպքում ունենում են լծակներ»,– հայտնեց մասնագետը։

Դիտարկմանը՝ արդյո՞ք ստեղծված փակուղուց դուրս գալու ելքեր կան Հայաստանի համար, փորձագետը պատասխանեց.

«Այլընտրանք ունենք՝ Պարսկաստանն է, մի փոքր էլ Վրաստանը։ Բայց իրենք ավելի թույլ են և ամբողջ դաշտը չեն կարող ծածկել։ Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է փոխել, սակայն դա պահանջում է գումար և ժամանակ»։

Նկատենք, որ ադրբեջանցի գործարարը դեռ 2019 թվականին էր գնել ընկերության բաժնետոմսերի կեսը և իրավիճակի նման զարգացումը հնարավոր էր կանխատեսել։ Կարող էինք արդյոք այս երկու տարվա ընթացքում որևէ բան փոխել, Սամվել Մարտիրոսյանն ասաց․

«Իրականում մի հինգ տարի ունեցել ենք որևէ բան անելու, քանի որ այս պատմություններն ու ասեկոսեները սկսվել են շատ շուտվանից։ Բայց, գիտեք, պրոբլեմը լինում, վերջանում է, հետո սկսում ենք քննարկել, թե ինչ անենք»։

Ամեն դեպքում փորձագետը նշեց, որ ցանկության դեպքում միշտ էլ ելքեր կարող են գտնվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում