Որտե՞ղ են ծնվում հայկական բանակը կրճատելու գաղափարները

Որտե՞ղ են ծնվում հայկական բանակը կրճատելու գաղափարները

 Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն և բանակի թվաքանակը, իսկ Հայաստանի ղեկավարությունը պատրաստվում է կրճատել Զինված ուժերի թվականը՝ անունը դնելով «բարեփոխումներ»: Այս մասին են վկայում Ալիևի՝ դեկտեմբերի 24-ի և հունիսի 26-ի հայտարարությունները, ինչպես նաև Փաշինյանի՝ ապրիլի 14-ի, և ԱԽՔ Արմեն Գրիգորյանի՝ հունիսի 29-ի հայտարարությունները:

May be an image of 3 people, people standing and text

Ադրբեջանի մոտիվացիան հասկանալի է: Նա ստացել է իր ակնկալիքից մեծ մասնաբաժին և ցանկանում է ամրագրել իր հաջողությունները: Այդ նպատակի հասնալու համար նա պետք է ցույց տա Հայաստանին, որ իր ցանկությունները չկատարելու դեպքում Ադրբեջանը պատրաստ է ռազմական գործողությունների:

Անհասկանալի է Հայաստանի մոտիվացիան, ավելի ճիշտ՝ Հայաստանը ներկայացնող ղեկավարության մոտիվացիան: Կապիտուլյացիայից հետո կար հանրային պահանջ՝ ամեն ինչ անել բանակը վերականգնելու, զինվելու և ոտքի կանգնելու համար: Հանրության գիտակից շերտը հասկանում էր, որ Հայաստանը 5 տարի ժամանակ ունի՝ մինչև ռուս խաղաղապահների ժամկետի ավարտը: Սակայն այս 7-8 ամիսների ընթացքում Հայաստանը ոչ մի նշանակալի քայլ չարեց բանակը վերականգնելու, սահմանները կահավորելու և նոր սպառազինություն ձեռք բերելու համար:

Եթե նախընտրական շրջանում Փաշինյանի «զինծառայության ժամկետը կրճատելու» հայտարարությունը կարելի էր մեկնաբանել որպես պլեբեյ-ընտրողին տրված չծառայելու խոստում, ապա ընտրություններում հաղթանակից հետո ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությունները հարկ է մեկնաբանել այլ տիրույթում:

Մեկնաբանման առաջին տարբերակը որպես պարզ քարոզչություն դիտարկելն է: Իշխանությունը հաճախ է կիրառում այս գործիքը, երբ չկարողանալով լուծել օպերատիվ և պարզ խնդիրները՝ ստեղծում է գեղեցիկ բառեր և դրանք «ներարկում» հասարակության երակները: Երբ չեն կարողանում ոռոգման խնդրին օպերատիվ լուծում տալ, խոսում են կաթիլային ոռոգման և տեխնոլոգիական գյուղատնտեսության մասին։ Երբ բուհերում չեն կարողանում գոնե ռեկտոր ընտրել, խոսում են ակադեմիական քաղաքի և լավագույն 100 բուհերի շարքում հայտնվելու մասին։ Հիմա էլ գուցե չեն կարողանում բանակում պարզ կարգուկանոն պահել կամ կահավորել առաջնագիծը, խոսում են պրոֆեսիոնալ բանակի և դրա շրջանակում զինծառայության ժամկետի կրճատման մասին: Եթե այսպես է, ապա մտահոգվելու ոչինչ չկա. ինչ-որ ժամանակ հետո այս խոսակցությունները կմոռացվեն և կստեղծվեն նորերը:

Առավել վտանգավոր է մեկնաբանման երկրորդ տարբերակը: Տպավորություն է, որ բանակի կրճատումը ձեռնտու է բոլոր կողմերին, բացի Հայաստանից: Այն ձեռնտու է Փաշինյանին և նրա իշխանությանը, քանի որ խնայված գումարները կարող են ուղղել ասֆալտապատմանը և այլ պոպուլիստական խնդիրներ լուծելուն: Այն ձեռնտու է Ադրբեջանին և Թուրքիային, քանի որ ի սպառ բացառում են, որ Հայաստանը առաջիկայում կկարողանա ոտքի կանգնել և ռևանշի հույսեր ունենալ: Չի բացառվում, որ նրանք «Խաղաղության պայմանագրի» շրջանակներում Հայաստանի համար սահմանեն բանակի առավելագույն թվաքանակ: Հավանաբար սա ձեռնտու է նաև Ռուսաստանին, քանի որ վակումը լրացվելու է ռուսական զորքերով, ինչը ի սպառ վերացնելու է Հայաստանի սուբյեկտայինությունը, և «Միասնական պետության» օրակարգը դառնալու է ավելի հեշտ իրագործելի:

Անկախ նրանից, թե որ երկրի մայրաքաղաքում են ծնվում հայկական բանակի կրճատման գաղափարները, չպետք է թույլ տալ, որ բարեփոխումների անվան տակ իշխանությունը կարողանա հեշության հասնել այդ նպատակին: Հայկական բանակը ստեղծվել է ավելի շուտ, քան Հայաստանի Երրորդ Հանրապետությունը. բանակի անկումը խորհրդանշելու է պետության մահը:

Դավիթ Մաթևոսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում