Հունաստանի դեսպանը միացել է ԼՂ ադրբեջանական քարոզչական շրջագայությանը

Հունաստանի դեսպանը միացել է ԼՂ ադրբեջանական քարոզչական շրջագայությանը

Բաքվում Հունաստանի դեսպան Նիկոս Պիպերիգոսը միացել է ավելի քան 40 դիվանագետների քարոզչական շրջագայությանը, որը կազմակերպել էր Ադրբեջանի ռեժիմը` վերջերս գրաված պատմական-ժողովրդագրական հայկական Լեռնային Ղարաբաղի տարածքները: Այս մասին գրում է հունական Greek City Times-ը։

Նշվում է, որ Պիպերիգոսին միացել էին Ավստրիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Աֆղանստանի, Ալժիրի, Պաղեստինի, Վրաստանի, Խորվաթիայի, Հորդանանի, Իսրայելի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Կոլումբիայի, Կորեայի, Կատարի, Լատվիայի, Հունգարիայի, Մալայզիայի, Մեքսիկայի, Մարոկկոյի, Նիդեռլանդների, Պակիստանի, Լեհաստանի, Սերբիայի, Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ճապոնիայի, Հունաստանի, Բելգիայի, ԱՄԷ-ի, Չիլիի, Էստոնիայի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Լիտվայի, Լիբիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սուդանի և Վենեսուելայի ներկայացուցիչները, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ադրբեջանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները:

Կայքը գրում է, որ անցյալ տարի Հունաստանի դեսպանի՝ հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն ասել էր. «Ես կարող եմ ձեզ ասել, և ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան մեզ համար ոչ միայն մեր ընկերն ու գործընկերն է, այլև եղբայրական երկիր: Առանց որևէ երկմտանքի, մենք աջակցում ենք Թուրքիային և ցանկացած պարագայում կաջակցենք նրան: Մենք աջակցում ենք նրանց [Թուրքիային] բոլոր հարցերում, այդ թվում` Արևելյան Միջերկրական ծովի տարածքում»:

«Այնուամենայնիվ, չնայած դեսպան Պիպերիգոսին Ադրբեջանի բռնապետը բացահայտորեն ասաց, որ իր երկիրը կուրորեն կաջակցի Թուրքիային Արևելյան Միջերկրական ծովում հունական ծովային իրավունքները գողանալու փորձերում, նա միացավ քարոզչական շրջագայությանը հանգստյան օրերին:

Թուրքիայի հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղ ներխուժումը հանգեցրեց սարսափելի ռազմական հանցագործությունների, ինչպիսիք են գլխատումները, սպիտակ ֆոսֆորի օգտագործումը և եկեղեցիների դիտավորյալ թիրախավորումը, անգամ լրագրողների դեմ կրկնակի հարվածներ հասցնելը:

Հիշեցնենք, որ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ամենաբարձր մակարդակի օտարերկրյա պաշտոնյան էր, ով այցելել էր Հայաստան 2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում, այն բանից հետո, երբ Հունաստանի հասարակությունը պահանջներ ներկայացրեց աջակցել այս երկրին:

Այնուամենայնիվ, Հունաստանի հասարակությունն այժմ վրդովված է, որ դեսպան Պիպերիգոսը միացավ ադրբեջանական ռեժիմի կողմից կազմակերպված քարոզչական շրջագայությանը, մանավանդ որ ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվեցին միանալուց:

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները հունվարին համատեղ հայտարարություն էին տարածել Արտաքին գործերի նախարարների եռակողմ երկխոսության երկրորդ փուլից հետո, որն անցկացվեց Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:

Համատեղ հռչակագրում նրանք վերահաստատել են աջակցել միմյանց տարածքային հավակնություններին Հունաստանի, Հայաստանի և Հնդկաստանի դեմ:

Չնայած Ադրբեջանը չի ճանաչում Թուրքիայի կողմից «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» անվամբ ապօրինի մարմինը, նրա Նախիջևանի ինքնավար շրջանը ճանաչում է այն՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541 բանաձևը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 550 բանաձևը:

Սա խոսում է այն մասին, որ եթե հայկական ադմինիստրացիան Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավորությամբ, որտեղ ներխուժում չի եղել, դադարեր իր գոյությունը, Ադրբեջանի կառավարությունը կդառնար երկրորդ երկիրը Թուրքիայից հետո, որը պաշտոնապես ճանաչում է այսպես կոչված «թուրքական Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը»:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում որոշումներ կայացնողներն առայժմ պաշտոնապես չեն ճանաչել այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»՝ վախենալով, որ Հունաստանը և Կիպրոսը կարող են պատասխան հարվածներ հասցնել` ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես անկախ հանրապետություն:

Այնուհետև հարց է առաջանում, թե ինչու է դեսպան Պիպերիգոսը միացել քարոզչական շրջագայությանը Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներ, հատկապես, երբ նրա ամերիկացի, ռուս և ֆրանսիացի գործընկերները հրաժարվել են դա անել:

Դեսպան Պիպերիգոսը չի պատասխանել սոցցանցերի օգտատերերի կողմից տրված այս հարցերին:

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս չի պատասխանել Greek City Times-ի հարցմանը՝ հոդվածի հրապարակման պահին»,-գրում է կայքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում