Մենք չենք համարում, որ պարտվել ենք, համարում ենք, որ մեզնից գողացել են մեր հաղթանակը․ Վահե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք չենք համարում, որ պարտվել ենք, համարում ենք, որ մեզնից գողացել են մեր հաղթանակը․ Վահե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հետընտրական Հայաստանում հետապնդվում են Սյունիքի համայնքների ղեկավարները, որոնք «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամներ են, «Հայաստան» դաշինքի մաս են կազմում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Նա հիշեցրեց, որ Մեղրիի՝ հրաժարական տված ղեկավար Մխիթար Զաքարյանը երեկ կալանավորվել է երկու ամսով, մինչ այդ կալանավորվել էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել՝ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, իսկ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։

«Հռետորական հարց՝ այս ամենն ինչո՞ւ ընտրություններից հետո․ ես համոզված եմ՝ պատասխանն ակնհայտ է, դա շատ ավելի խորքային արմատներ ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից, իսկ առաջին հայացքից թվում է, թե կատարվողը վրեժխնդրություն է։ Այդ գործոնն էլ կա, բայց շատ ավելի խորքային արմատներ կան։ Մեր գնահատմամբ՝ սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիաներ են և քաղաքական տեռոր»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ԱԺ մանդատներին, Հակոբյանն ասաց, թե «Հայաստան» դաշինքը դրանք վերցնելու կամ չվերցնելու վերաբերյալ որոշումը կկայացնի ՍԴ-ի որոշումից հետո, որտեղ քննվում են ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու՝ 4 քաղաքական ուժերի դիմումները։

«Մենք մանդատները դիտարկում ենք որպես լրացուցիչ գործիքակազմ, որով պայքարելու ենք այս բռնապետության դեմ։ Փաստենք, որ սա բռնապետություն է, և կարճ ժամանակ հետո դառնալու ենք Հյուսիսային Կորեայի նման ինչ-որ երկիր։ Մենք չենք համարում, որ պարտվել ենք, մենք համարում ենք, որ մեզնից գողացել են մեր հաղթանակը»,-ասաց Վահե Հակոբյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում