Իշխան Սաղաթելյանը՝ Սյունիքի համայնքապետներին կալանավորելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխան Սաղաթելյանը՝ Սյունիքի համայնքապետներին կալանավորելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հետընտրական իրավիճակը Հայաստանում հետևյալն է՝ երկրի դատախազը, քննիչը, ոստիկանը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը քաղաքական հետապնդումներ են իրականացնում: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Նա որոշումներ է կայացնում և ուժային կառույցներին, իրավապահ մարմիններին մնում է իրենց երևակայության արդյունքում հորինել կեղծ մեղադրանքներ և հստակ հետապնդումներ իրականացնել, տվյալ դեպքում Սյունիքի համայնքի ղեկավարների նկատմամբ և առհասարակ մեր դաշինքի համախոհների, անդամների նկատմամբ»,– ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա նաև նշեց, որ շատ հստակ ձևով Հայաստանում շարունակվում է երկրի դիմադրողականությունը կոտրելու և ջարդելու քաղաքականությունը և բոլոր ուժերն ու անհատները, որոնք մեր ազգային դիմադրողականության պահպանողն են, այդ մարդկանց փորձում են մեկուսացնել:

«Պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում Սյունիքում, ինչու չէ նաև Տավուշում, որտեղ բանակից հեռանում են լավագույն զինվորականները: Պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքի ղեկավարներին փորձում են ձերբակալել և կալանավորել և սա հստակ քաղաքականություն է, իսկ համայնքապետերի ապօրինի ձերբակալումները կապում ենք առաջիկայում ՀՀ-ին սպասվող ցավոտ լուծումների հետ»,– նշեց նա:

Դաշինքի անդամը նաև ընդգծեց, որ քաղաքական հետապնդումները շարունակվում են, իսկ իրենց թիմը փորձելու է այս ամենի դեմ պայքարել, որպեսզի թույլ չտան կոտրել ազգի դիմադրողականությունը և ապօրինի մեղադրանքներով մեկուսացնել համակիրներին:

«Երկու համայնքի ղեկավարներին, որոնցից մեկին կալանավորել են, իսկ մյուսին պատրաստվում են, նրանք մեր դաշինքի համամասնական ցանկում ընդգրկված են եղել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Մանվել Փարամազյանի և Մխիթար Զաքարյանի կալանավորելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում