Փաշինյանն արձագանքել է Ալիեւի վերջին հայտարարություններին

Փաշինյանն արձագանքել է Ալիեւի վերջին հայտարարություններին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա քաղաքականությունը:

Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է կառավարության նիստի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ վերջին ամիսների գործողություններին ու հնչող հայտարարություններին:

Ներկայացնում ենք հատվածներ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունից:

«Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսում էինք»

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո տեղի ունեցավ այն, ինչ մենք կանխատեսում էինք: Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անում է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար:

Ադրբեջանը ցույց է տալիս, թե Հայաստանը կամ Արցախը իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներին եւ այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսեւորումները մենք տեսնում ենք:

Եռակողմ աշխատանքային խումբը եւ «Զանգեզուրի միջանցքը»

Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական եւ արդյունավետ աշխատանք է իրականացնում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման վերաբերյալ: Ադրբեջանի հայտարարությունները այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, որեւէ կապ չունեն խմբի կատարած աշխատանքի եւ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ:

Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններն անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու եւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար, քանի որ Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման 30-ամյա քաղաքականությունը:

Բայց մենք, առանց սեթեւեթելու, շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ: Ռուսաստանցի եւ միջազգային գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը, այսինքն՝ Հայաստանի ապաշրջափակմանը:

Միջնորդների հայտարարությունը եւ ՀՀ դիրքորոշումը

Հայաստանն արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարությունը։ Համանախագահների հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ։

Հայաստանը ողջունել է այս հայտարարություն ու դրական է արձագանքել դրանում նշված դրույթներին։ Հայաստանը պատրաստ է խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով եւ բովանդակությամբ։

Կարծում եմ՝ Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների եւ հայտարարությունների փոխարեն անսա միջնորդների հորդորներին եւ նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ։

Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը։ Եթե այս ամենին ավելացնում ենք Ադրբեջանի սադրիչ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները, ակնհայտ է դառնում, թե որ երկիրն է խոչընդոտում տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հաստատմանը։

ՀԱՊԿ մեխանիզմների գործարկումը

Հայաստանը բոլոր միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի եւ ՀԱՊԿ մեխանիզմների գործարկմամբ, ինչի շուրջ մենք շարունակում ենք խորհրդակցությունները մեր գործընկերների հետ։ Վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին ունեցել ենք երկու զոհ։ ՀԱՊԿ մեր գործընկերների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրությունն եմ հրավիրում այս փաստին։

Աղբյուրը՝ Mediamax.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում