Պատրոն Դավոյի գործը՝ Վճռաբեկում. ինչ զարգացումներ կլինեն. «Ժողովուրդ»

Պատրոն Դավոյի գործը՝ Վճռաբեկում. ինչ զարգացումներ կլինեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի գործը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում: Բանն այն է, որ դատախազությունը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: Դատական ու իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վճռաբեկը կալանքի չի տանի Պատրոն Դավոյին, քանի որ նրա համար իշխանության մոտ բարեխոսել են: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ զենքի առուվաճառքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ազատ արձակումն ամենեւին պատահական չէր: Նա հեղափոխական իշխանությանը բազում ծառայություններ է մատուցել զենքի առքուվաճառքի պետպատվերի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից եւ ազատ արձակվեց մայիսի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով:

Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այդ զենքի գնման պայմանագիրը եւ այն հանձնաժողովը, որը զբաղվել է գնման գործընթացի կազմակերպչական հարցերով, ստեղծված է եղել հենց Արտակ Դավթյանի՝ Զինված ուժերի շտաբի պետ եղած ժամանակ, եւ այդ է պատճառը, որ նա կալանքից ազատվեց այն ժամանակ, երբ վերջինս վերանշանակվեց: Բանն այն է, որ եթե Պատրոն Դավոն կրկին կալանավորվեր, ապա նրա հետ միասին պետք է պատասխանատվության ենթարկվեր նաեւ Արտակ Դավթյանը, քանի որ այդ դեպքերը հենց իր պաշտոնավարման ժամանակ են եղել. նրանք համագործակցել են:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում