Ովքե՞ր են Քրեակատարողական ծառայության պետի երկու նոր հավակնորդները

Ովքե՞ր են Քրեակատարողական ծառայության պետի երկու նոր հավակնորդները

Օրեր առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ իր պաշտոնը թողնելուց հետո, նրա հետ կհեռանա նաև Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Արթուր Գոյունյանը, ով Ծառայության պետ էր նշանակվել Բադասյանի քվոտայով. Նախարարը Գոյունյանի դստեր և փեսայի դասընկերն է:

Գրել էինք նաև, որ ՔԿԾ պետի հավակնորդներն արդեն գործի են անցել, կապեր են որոնում բաղձալի պաշտոնին հասնելու համար:

Տեղեկացրել էինք, որ այդ առումով ակտիվ ջանքեր է գործադրում «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Գերասիմ Գևորգյանը, ով ՀԱԿ-ական է, Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցը:

Հավելել էինք նաև, որ կան երկու այլ հավակնորդներ, որոնց մասին առաջիկայում կտեղեկացնենք:

Եվ ահա մեր տեղեկություններով՝ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում նշանակվելու համար ակտիվորեն գործի է անցել «Արթիկ» ՔԿՀ պետ Արման Մելքոնյանը, ավելի ճիշտ՝ ոչ թե ինքը, այլ նրա հայրը՝ պաշտպանության նախկին փոխնախարար, այժմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր դարձած Գագիկ Մելքոնյանը:

Այս նշանակումը բավական իրատեսական կարելի է համարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ ջանասիրությամբ է Գագիկ Մելքոնյանը գովաբանում Նիկոլ Փաշինյանին ու վատաբանում նախկին իշխանություններին, ում օրոք, ի դեպ, վերջինս բավականին պատկառելի ձեռքբերումների տեր է դարձել:

Ըստ համակարգում տարածվող համառ լուրերի՝ Արման Մելքոնյանը ցանկանում է ամեն գնով Երևան գալ, համակարգի Կենտրոնական մարմին եթե ոչ՝ պետի, գոնե՝ առաջին տեղակալի պաշտոնով:

Մյուս թեկնածուն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողականի պետ Արտակ Սարգսյանն է, որն էլ իր հերթին՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մորաքրոջ որդին է: Վերջինս, ի դեպ, իր ներկայիս պաշտոնում նշանակվել է իշխանափոխությունից հետո, ավելի ստույգ՝ Սասուն Խաչատրյանի՝ ՀՔԾ պետ դառնալուց հետո:

Ի դեպ, Քրեակատարողական ծառայությունում ճամպրուկային տրամադրություն է: Պատահական չէ, որ ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանն ու նրա առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը միաժամանակ այս պահին գտնվում են արձակուրդում: Իսկ թե ինչո՞ւ, երևի թե արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կիմանա, ով, ի դեպ, նույնպես գտնվում է արձակուրդում:

Արթուր Գոյունյանի փոխարեն՝ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրված է մյուս տեղակալի՝ Գագիկ Մարկոսյանի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում