Համացանցում տարածված սկանդալային տեսանյութն ու դրա նախապատմությունը

Համացանցում տարածված սկանդալային տեսանյութն ու դրա նախապատմությունը

Կիրակի երեկոյան համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախի իշխանություններին առաջարկում է գաղտնի փաստաթուղթ ստորագրել երկու հայկական պետությունների միջև և, իբրև երաշխիք, որ ՀՀ-ն կկատարի այդ պայմանագրով նախատեսված իր պարտականությունները, Տեր-Պետրոսյանն առաջարկում էր որպես պատանդ 10 օր մնար Ստեփանակերտում։

Նշված տեսագրությունը կատարվել է 1993թ. հունիսի 14-ին Ստեփանակերտում։ Գաղտնի պայմանագրով, որը ԼՏՊ կողմից առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին, Արցախը պետք է համաձայնվեր ԵԱՀԿ (նախկին ԵԱՀԽ) Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը, պարտավորվում էր ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի՝ իրեն վերաբերող բոլոր պահանջները և պատժել բոլոր նրանց, ովքեր կխախտեին այդ պայմանավորվածության դրույթները՝ եթե անգամ նրանք լինեին Արցախի իշխանության ներկայացուցիչներ։

Պայմանագրով Հայաստանը պարտավորվում է ստանձնել խաղարարար ծրագրի կատարման և ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորի դեր՝ ընդհուպ գործի դնելով իր բոլոր, այդ թվում՝ անմիջական ռազմական միջամտության հնարավորությունները։ Հայաստանը պատավորվում է նաև հետագա բանակցություններում բացառել Լաչինի շրջանն Ադրբեջանին զիջելու հնարավորությունը, ինչպես նաև ԼՂ զինված ուժերի ապառազմականացումն ու զինաթափմումը։ ՀՀ-ն պարտավորվում է նաև հետևողականորեն պայքարել բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցության ընդունելի իրավական կարգավիճակ ձեռք բերելու համար։

Համացանցում հայտնված հիշյալ կադրերը առաջին անգամ են ներկայացվում հանրության ուշադրությանը։ Չնայած դրան սակայն, ՀՀ առաջին նախագահ ԼՏՊ-ի՝ Արցախի իշխանություններին ուղղված այդ առաջարկը հայտնի է ղարաբաղյան հակամարտության խնդրով զբաղվող փորձագետներին և հանրության ավելի լայն շրջանակներին։

Առաջին անգամ այդ առաջարկի մասին 2008թ. փետրվարին՝ ՀՀ նախագահական ընտրություններից երեք օր առաջ պատմել է նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ ասելով, որ այդկերպ Լևոն Տեր-Պետրոսյանը ճնշում էր գործադրում Արցախի իշխանությունների վրա՝ պահանջելով նրանցից Ադրբեջանին հանձնել Քարվաճառի շրջանը։ Տեր-Պետրոսյանի կողմից այդ պահանջը ԼՂՀ ղեկավար կազմին առաջին անգամ ներկայացվել է վերոնշյալ տեսագրությունից երկու օր առաջ՝ 1993թ.-ի հունիսի 12-ին Գորիսում։

Ըստ գորիսյան հանդիպման մասնակիցների, քննարկումները Արցախի և ՀՀ իշխանությունների միջև բավական թեժ են եցել։ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ այդ հարցի կապակցությամբ Հայաստանի վրա մեծ ճնշում կա և եթե Արցախի իշխանությունները հրաժարվեին Քարվաճառը հանձնելուց ու միջազգային միջնորդների առաջարկած խաղարարար ծրագրից, ապա Ռուսաստանը կդադարեր հայկական կողմին զենք ու զինամթերք, ինչպես նաև այլ անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելուց։ Տեր-Պետրոսյանի խոսքերը, սակայն, արժանահավատ չեն թվացել Արցախի իշխանություններին, ինչի պատճառով էլ նրանք հրաժարվել են կատարել պաշտոնական Երևանի պահանջը։

Այդ է պատճառը, որ գորիսյան հանդիպումից երկու օր անց Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է եկել Ստեփանակերտ՝ շարունակելու պնդել Քարվաճառի՝ ադրբեջանցիներին հանձնելու և միջնորդների խաղարարական ծրագրին համաձայնություն տալու անհրաժեշտությունը։ ՀՀ առաջին նախագահի և Արցախի ղեկավարության երկրորդ այս հանդիպման մասին, որի կադրերը նախօրեին տարածվեցին համացանցում, դեռևս 2009թ. փետրվարին «Անալիտիկոն» հանդեսում գրել է լրագրող Գեղամ Բաղդասարյանը, ով իբրև Արցախի Կառավարության լրատվական բաժնի ղեկավար ներկա է եղել հիշյալ քննարկումներին։

«Այդ դժվարին ու տհաճ բանակցությունները, որի մի կողմում Տեր-Պետրոսյանն էր ու արցախցի իր համախոհները՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, մյուս կողմում ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության ՀՅԴ-ական ու ՀՅԴ-ամետ անդամները ու Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանն ու համախոհները, չէին ուզում ստորագրել փաստաթուղթը երկու պատճառով, նախ` համոզված չէին, թե դա ճիշտ քայլ է, և երկրորդ` ներքին միասնության բացակայության և առկա երկիշխանության պայմաններում դա քաղաքական ինքնաոչնչացում կլիներ»,- գրել է Բաղդասարյանը: Նշված հանդիպման մասին Գ. Բաղդասարյանի գրեթե արձանագրային հուշերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանի Ստեփանակերտ կատարած այցին և այն փաստին, որ Արցախի իշխանությունների հետ նրա զրույցի արդյունքում վերջիններս համաձայնվել են համաձայնվել պաշտոնական Երևանի ներկայացրած պահանջներին (ճիշտ է՝ այդ որոշման պատճառով Գ. Պետրոսյանը հրաժարական տվեց և Արցախում փաստացի իշխանափոխություն տեղի ունեցավ)՝ նրա առաջ բերած խնդիրն այնուամենայնիվ այդպես էլ կյանքի չկոչվեց։ Բանը նրանում է, որ պաշտոնական Ստեփանակաերտը միջազգային միջնորդներից ու Հայաստանից մեկ ամիս ժամանակ էր խնդրել իր վրա դրված պարտավորությունները կատարելու համար, բայց այդ ժամանակն օգտագործել է ոչ թե Քարվաճառն ադրբեջանցիներին հանձնելու, այլ Ակնան (Աղդամ) ազատագրելու համար։ Դրանից հետո ռազմաքաղաքական դրությունն Արցախում կտրուկ փոխվեց, ինչն էլ քաղաքական այլ զարգացումների պատճառ դարձավ։

Ի դեպ, մեր տրամադրության տակ կան նաև արդեն հիշատակված գորիսյան հանդիպման որոշ մանրամասներ, որոնք շուտով կհրապարակենք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում