Վիլհելմ Լինչի անվան քննիչ հանձնաժողով ԱԺ-ում

Վիլհելմ Լինչի անվան քննիչ հանձնաժողով ԱԺ-ում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնայանը նախօրեին հայտարարել է, որ իշխանական թիմը որոշել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել։ Ըստ Սիմոնյանի, այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի ԱԺ-ում ներկայացված ուժերի մասնակցությամբ և այնտեղ պետք է ներկայացված լինեն նաև «արտախորհրդարանական ընդդիմության» ներկայացուցիչները։ Ու թեև Սիմոնյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ո՞ր ուժերի ներկայացուցիչներին նկատի ունի, մամուլում արդեն ակտիվ շրջանառվում են «հաճախորդների» անունները։ Ըստ ամենայնի, այդ հանձնժողովում իշխանական ֆրակցիան կփորձի տեղավորել այն կուսակցությունների ներկայացուցիչներին, ովքեր խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո գնացին և հանդիպեցին (իսկ իրականում՝ խոնարհվեցին) վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ։ Կարծում ենք՝ այսքանով պարզ է դառնում նաև, թե ինչի համար էր բեմադրվում Կառավարության շենք հաճախորդների այցելության ներկայացումը։ Ինչևէ…

Խնդիրն այլ է։ Արդյո՞ք հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր այն ուժը, որը պետք է քններ Հայաստանի ու Արցախի համար ողբերգական հետևանքներ ունեցած 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Չլինի՞ հանկարծ քննության արդյունքում «քննիչներն» իրենք իրենց վրա դուրս գան։ Չնայած այդ սցենարը պետք է բացառել։ Ինքնապահպանման բնազդը թույլ չի տա Փաշինյանի թիմակիցներին նման բան անել։ Մանավանդ, այսպես կոչված քննիչ հանձնաժողովի թիրախները վաղուց են արդեն որոշված։ Ի դեպ, նրանցից ոմանք լինելու են հաջորդ գումարման Ազգային ժողովի կազմում։ Օրինակ, Սեյրան Օհանյանը։ Ուզու՞մ եք կանխագուշակենք, թե ով է լինելու Շուշիի հանձնման պատասխանատուն ըստ այդ հանձնաժողովի «ուսումնասիրության» արդյունքների։ Կարծում ենք՝ դուք էլ արդեն հասկացաք։

Ի դեպ, չմոռանանք նշել, որ անցած պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նման հանձնաժողով ստեղծելու մասին խոսել են նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ Ե՛վ «Հայաստան», և՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նույնպես խոսել են այդպիսի հանձնաժողով ստեղծելու իրենց ծրագրերի մասին։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ ՔՊ նախօրեի հայտարարությունը կարող է միավորել իշխանության և ընդդիմության ջանքերը։ Ճիշտ հակառակը՝ երկու կողմերը պայքարում են կարևոր այդ հարցում իրենց ազդեցությունը մեծացնելու և հակառակորդ թիմին քաղաքականապես ոչնչացնելու համար։ Դե կամ գոնե ծանր վիրավորելու։

Արդյունքում ի՞նչ է ստացվելու։ Երևի թե ոչին։ Ավելի ճիշտ՝ ոչ թե ոչինչ, այլ սովորական մուրճ, որով Նիկոլն ու իր թեիմակիցները հալածելու են ոչ միայն քաղաքական ընդդիմադիրներին, այլև քիչ թե շատ իրական վաստակ ունեցող զինվորականներին։ Նրանց, ովքեր պատվի զգացողության կամ այլ հանգամանքներից ելնելով, հրաժարվել են լինել Նիկոլի ու իշխող ՔՊ-ի ձեռքի խաղալիքը։ Նման զինվորականների ցուցակը թեև այնքան էլ մեծ չէ, բայց, վստահեցնում ենք, ազդեցիկ է։

Ահա և ստացվում է, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողով ունենալու փոխարեն, մեր երկրում կգործի հերթական Լինչի դատաստանը։ Աղվեսները որպես վկա իրենց պոչը կբերեն, շոուներ կկազմակերպեն, հետևողականորեն կստորացնեն ողջ Հայոց Բանակը, վերջում էլ իրենք իրենց հերոս կհռչակեն, իսկ իրական պատվախնդիր զինվորականներին՝ ազգի դավաճան։ Սա է վերոնշյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու իրական նպատակը։ Եվ ուրեմն արդյո՞ք ավելի ազնիվ չէր լինի նախագծվող այդ խեղկատակությունը հենց էս գլխից Վիլհելմ Լինչի անվան քննիչ հանձնաժողով կոչել։ Այդպես ազնվության գոնե փոքրիկ նշույլներ կպահպանվեն։ Իսկ մեր երկրի ապագայի համար դրանք շատ կարևոր նշանակություն ունեն։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում