Թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն զգուշությամբ են վերաբերվել Փաշինյանի նոր մտահղացմանը. Коммерсантъ

Թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն զգուշությամբ են վերաբերվել Փաշինյանի նոր մտահղացմանը. Коммерсантъ

Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ամենալուրջ սրմանը, որը հանգեցրել է քաղաքական նոր նախաձեռնությունների: Tert.am-ի մեր գործընկերները թարգմանել են ռուսական թերթի հիշատակված հոդվածի ուշագրավ հատվածները։

Ապագայում նման միջադեպերից խուսափելու համար ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փաստացի առաջարկել է Ադրբեջանի հետ սահմանի վերահսկողությունը հանձնել ռուս սահմանապահներին և նրանց հետ տեղակայել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդներին:

Հաշվի առնելով, որ սեպտեմբերին Երևանը կստանձնի այս կազմակերպության նախագահությունը, Հայաստանի իշխանությունները հնարավորություն կունենան հարցը օրակարգ մտցնել: Սակայն, ինչպես Բաքվում, այնպես էլ Մոսկվայում, Փաշինյանի գաղափարին արձագանքել են առանց ավելորդ ոգևորության:

Ներկայում ռուս սահմանապահները պահպանում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանը, իսկ անցյալ տարվա պատերազմից հետո լրացուցիչ սահմանակետեր են տեղադրվել Ադրբեջանի հետ սահմանին ինչպես արևմուտքում, որտեղ գտնվում է Նախիջևանի անկլավը, այնպես էլ արևելքում, որտեղ նոր սահմանը բառացիորեն մեջտեղից կիսում է հայկական գյուղերը: Հունիսին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ հանրապետությունում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կազմը կավելանա, չնայած նա չի նշել, թե որքան: Սակայն թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն զգուշությամբ են վերաբերվել Երևանից եկած նոր մտահղացմանը:

«Մենք գիտենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին սրացում է տեղի ունեցել: Եվ դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար: Աշխատանքը շարունակվում է»,-պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե պատրաստ է արդյոք Մոսկվան վերցնել Հայաստանի սահմանը պաշտպանության տակ և չի վախենում արդյոք Ադրբեջանի հետ հարաբերությունների սրումից:

«Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ՝ եռակողմ համաձայնագրերի լիարժեք իրականացումն ապահովելու համար»,-ասել է Պեսկովը լրագրողներին:

Երբ նրան խնդրել են պարզաբանել Փաշինյանի խնդրանքը կատարելու պատրաստակամությունը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ասել է. «Երևանի հետ շփումները շարունակվում են. ավելացնելու բան չունեմ»: Ադրբեջանի ԱԳՆ-ից Коммерсантъ-ին ևս հասկացրել է, որ իրենք այս թեմայով մեկնաբանություններ չեն տալու:

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի ելույթը պարունակում էր նույնիսկ ավելի համարձակ գաղափար՝ սահման հրավիրել ոչ միայն ռուս սահմանապահներին, այլև ՀԱՊԿ դիտորդներին: Հավանաբար, նման առաջարկը կապված է այն փաստի հետ, որ սեպտեմբերին Երևանը ստանձնելու է այս կազմակերպության նախագահությունը, ինչը օրակարգի վրա ազդելու ավելի լայն հնարավորություններ է տալիս: Դեռևս մայիսին Փաշինյանը, աջակիցների հետ, քննադատում էր ՀԱՊԿ-ին Սև լճի շրջանում հայ-ադրբեջանական հակամարտության սրման ընթացքում «դանդաղկոտության» համար: Երևանում հիասթափությամբ են ընդունել նաև այն, որ կազմակերպությունը մերժել է Ադրբեջանի հետ սահմանային հակամարտության հարցում օգնության խնդրանքը: Բայց ՀԱՊԿ-ում սեփական նախագահության տարվա համար Նիկոլ Փաշինյանի թիմը հստակ կառուցում է շատ հավակնոտ ծրագրեր: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ՀԱՊԿ կայքը տեղադրել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մեկնաբանությունը, որում, սակայն, ոչ մի խոսք չկա դիտորդների տեղակայման մասին:

«2021 թվականի լույս հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել ռազմական բախումներ, որոնց հետևանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայող զոհվել է, չորսը` վիրավորվել: Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա աճի վտանգը, որը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ համաձայնագրերի կատարման վրա, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ: Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը: Հակասությունները լուծելու համար պետք է օգտագործել միայն քաղաքական և դիվանագիտական մեթոդներ: Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,-ասված է Զասի հայտարարությունում:

Երևանը դեռ հույս ունի, որ ՀԱՊԿ-ում նախագահությունը թույլ կտա ինչ-որ կերպ բարելավել դիրքերը Ադրբեջանի հետ դիմակայությունում:

Բայց, ինչպես նշում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, Նիկոլ Փաշինյանի թիմը չպետք է մոռանա, որ ռազմական բլոկի ուշադրությունն այժմ գրավում է մեկ այլ տարածաշրջան՝ Կենտրոնական Ասիան, որտեղ ապակայունացում կարող է առաջանալ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման պատճառով:

«ՀԱՊԿ-ը հատուկ նշանակություն է ձեռք բերում Ռուսաստանի համար: Երևանը դա հասկանում է, ուստի փորձում է հարվածներ չհասցնել դրա հեղինակությանը, որպեսզի չխանգարի Մոսկվային Աֆղանստանի հետ սահմանին օգտագործել կազմակերպության գործիքակազմը: Բայց դա չի նշանակում, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համար ՀԱՊԿ-ի պատասխանատվությունը հանվում է: Երևանն ակնկալում է, որ կազմակերպությունը, այնուամենայնիվ, կզբաղվի Հայաստանին հուզող խնդիրներով»,-Коммерсантъ-ին ասել է փորձագետը:

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն, իր հերթին, ամբողջովին մերժել է երկու երկրների սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղադրելու գաղափարը, քանի որ Բաքուն այս կազմակերպության անդամ չէ:

Ռուս քաղաքագետ, հետխորհրդային տարածքի փորձագետ Արկադի Դուբնովը Коммерсантъ-ին ասել է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնություններն այնքան էլ հեռանկարային չեն: Նա համոզված է, որ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայելու գաղափարը ՀԱՊԿ-ում կոնսենսուս չի գտնի, իսկ Բաքվին դուր չի գա ռուս սահմանապահների տեղակայումը սահմանի ողջ երկայնքով: Բացի այդ, փորձագետը ուշադրություն է հրավիրել Փաշինյանի հայտարարության մանրամասների վրա, որոնք նույնպես կարող են շատ բանի մասին վկայել:

«Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, որ եթե ՀԱՊԿ-ից հնարավոր չէ դիտորդներ ուղարկել, նրանց կարող են փոխարինել ԵԱՀԿ դիտորդներ: Սա ակնհայտ սադրանք է Մոսկվայի դեմ, ակնարկ, որ նա չի կարող ինքնուրույն գլուխ հանել խաղաղարարի գործառույթից: Երևանն ակնհայտորեն կարծում է, որ դաշնակիցներ ունի Ռուսաստանից դուրս, օրինակ ՝ Փարիզում և Վաշինգտոնում», – նշել է նա:

Ըստ Արկադի Դուբնովի, անդրադառնալով ՀԱՊԿ-ի թեմային, Նիկոլ Փաշինյանը «կրկնում է նույն սխալները, որոնք թույլ էր տվել 2018-ին իր կառավարման հենց սկզբում»:

Հիշեցնենք, որ այն ժամանակ նորընտիր ղեկավարը նախաձեռնել էր քրեական հետապնդում Յուրի Խաչատուրովի նկատմամբ, որն այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր, և 2008 -ին ղեկավարել է Երևանի ռազմական կայազորը և, ըստ Փաշինյանի, մասնակցել է ապօրինի ուժի կիրառմանը ընդդիմության հանրահավաքի մասնակիցների նկատմամբ:

«Այդ իրավիճակը ոչ մի օգուտ չբերեց Երևանին: Իրավիճակից դուրս եկան, բայց ակնհայտ վնաս հասցնելով թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ Հայաստանի հեղինակությանը: Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը գիտակցո՞ւմ է, որ կրկնում է իր սխալը, բայց նրա ներկայիս հռետորաբանությունը կարող է բերել նմանատիպ հետևանքների»,-եզրափակել է Դուբնովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում