ՔՊ-ական որ պաշտոնյաներն են հարվածել հպարտ քաղաքացիների գրպանին

ՔՊ-ական որ պաշտոնյաներն են հարվածել հպարտ քաղաքացիների գրպանին

Առողջապահության նախարարությունը մի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում է պետական այն ծառայողներին, ովքեր չեն համաձայնվում պատվաստվել, պարտադրել ամիսը երկու անգամ սեփական գրպանի հաշվին թեստ անել: Այսինքն՝ պետական ծառայողները, որոնց աշխատավարձը չի բարձրացել, ստիպված են լինելու կամ պատվաստվել, կամ ամսեկան 30 հազար դրամ ծախսել թեստավորման վրա: Այս մասին գրում է ԼՈՒՐԵՐ.com-ը:

Սա առողջապահության նախարարության միակ նվերը չէ քաղաքացիներին, որ արձանագրվել է հեղափոխությունից հետո: 2020 թվականի հունվարից առաջնային բուժսպասարկման հաստատություններում ներդրվել են նոր ծառայություններ, որոնք քաղաքացիներին ավելորդ թղթաբանություններից զերծ պահելու համար են, բայց այս փոփոխությանը զուգահեռ, Առողջապահության նախարարությունը կասեցրել է պոլիկլինիկաներում մինչ այս անվճար մատուցվող որոշ բուժծառայությունների ֆինանսավորումը: Ի դեպ խնդիրն առկա է ոչ միայն Երևանում։ Գյումրու «Միջազգային Կարմիր Խաչի անվան պոլիկլինիկա»-ում մի քանի տարի շարունակ գործել է ուրոլոգիական անվճար ծառայություն։ Այն ներառված է եղել, այսպես կոչված, «այլ կաբինետային» ծառայության համակարգում, որի համար պետպատվերի շրջանակներում ֆինանսավորում են ստացել ու անվճար հետազոտվել են հատուկ սոցիալական խմբերում ներառված քաղաքացիները։ Բայց 2020թ-ի հունվարի 1-ից այն վճարովի է պոլիկլինիկայի բոլոր պացիենտների համար։

Առողջապահության նախարարությունից հետ չի մնացել Երևանի քաղաքապետարանը՝ հարվածելով քաղաքացիների գրպանին: Սվագանու «Իմ քայլը» խմբակցությունը, ի թիվս այլ հարկերի եւ տուրքերի, բարձրացրեց նաեւ աղբահանության համար գանձվող վճարը: Այդ որոշմանը դեմ քվեարկեցին «Լույս» դաշինքի եւ ԲՀԿ ներկայացուցիչները:

Բացի այդ՝ կառավարության որոշմամբ պանդեմիայի ամենաթեժ պահին ներդրվեց գույքահարկը, որը դժվար թե նպաստի քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը:

Քաղաքացիներին տուգանելու սուրբ գործին միացավ նաև ՃՈ-ն: Ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն, որը ենթադրում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով հսկողություն։ ՃՈ աշխատակիցները այդպես կհայտնաբերեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը, կտուգանեն։

ԱԺ կողմից ընդունված բալային համակարգի մասին օրենքը նույնպես լրացուցիչ բեռ դարձավ վարորդների համար:

Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ դրեց օրենքի նախագիծ, որով առաջարկում էր տուգանել այն վարորդներին, ովքեր իրենց տրանսպորտային միջոցը կշահագործեն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների։

Սահմանային շերտում լուսանկարահանումներ իրականացնելու համար Իմ Քայլի պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ առաջարկում է սահմանել շուրջ 300 հազար դրամի տուգանք:

Ֆինանսների նախարարության թեթև ձեռքով էլ՝ Հայաստանում թե՛ ցածր, թե՛ բարձր աշխատավարձ ստացողները վճարելու են համահարթ՝ 23 տոկոս եկամտահարկ:

Ինչպես տեսնում ենք ՝ իշխանությունները քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, նրանց հարկային բեռը թեթևացնելու փոխարեն գնում են այլ ճանապարհով՝ վերջիններիս դիտարկելով իբրև իսկական տուգանքի մատերիալ…

Հետևեք մեզ նաև Telegram-ում