Տոկիո-2020․ Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Տոկիո-2020․ Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Եվրոպական խաղերի չեմպիոն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում մենամարտեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթանակ տարավ մրցավարների որոշմամբ։ Այս մասին տեղեկացնում է Armsport.am-ը։

Մեր բռնցքամարտիկը 4-1 հաշվով փայլուն հաղթանակ է տարել և դուրս եկել ՕԽ-ի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Չալաբիևը 2013 թվականի աշխարհի չեմպիոն է: Նա նախկինում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում, և 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Սամսունում հաղթել է Արամ Ավագյանին։

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում։ Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։ Գյումրեցի մարզիկը բոլոր ռաունդներում նախաձեռնողի դերում էր, իսկ առաջին և երկրորդ ռաունդներում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին, գրում է Armsport.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում