Ովքեր կդառնան «կալանք տվող» դատավորներ. հետաքրքիր անուններ են շրջանառվում

Ովքեր կդառնան «կալանք տվող» դատավորներ. հետաքրքիր անուններ են շրջանառվում

Օրեր առաջ Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայքէջը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու 2021 թվականի օգոստոսի 7-ին, ժամը 10:00-ին, գրում է 168.am-ը։

Խոսքն իրավաբանական համայնքի շրջանակներում հայտնի, այսպես կոչված, կալանք տվող դատավորների ընտրության մասին է:

Հիշեցնենք, որ սա «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում առկա նոր իրողություն է, և սա, ըստ մասնագետների, արվել է հատկապես քաղաքական հնչեղության գործերով ցանկալի որոշումներ ստանալու համար, քանի որ գաղտնիք չէ, որ դատական համակարգը հիմնականում անկախություն է դրսևորում ու չի դակում նախաքննական մարմնի կողմից մասնավորապես հնչեղ գործերով բերված կալանքի միջնորդությունները:

Իսկ նորանշանակ դատավորները ենթադրաբար կլինեն կանխատեսելի ու կկայացնեն ցանկալի որոշումներ:

Այստեղ տեղին է հիշել, որ Սյունիքի համայնքապետերի գործերով նրանց կալանքի դեմ պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքները չմակագրվեցին այնքան ժամանակ, մինչև ԱԱԾ-ն «ռեյդ» կատարեց Վերաքննիչ քրեական դատարան ու առգրավեց բողոքները դատավորներին մակագրող համակարգիչը, և դրանից հետո միայն Վերաքննիչ դատարանի քրեական պալատի նորանշանակ նախագահ Տիգրան Սահակյանն անցավ նրանց գործերն իրենց համար ցանկալի դատավորներին ձեռագիր կերպով մակագրելու՝ արատավոր պրակտիկային:

Եվ այսպես, հիշյալ մրցույթը կայանալու է օգոստոսի 7-ին, իսկ մինչ այդ, 168.am-ի տեղեկություններով՝ հայտնի են այն 6 դատավորների անունները, որոնք «կհաղթեն» այդ մրցույթի արդյունքում։

Կայքի տեղեկություններով՝ այդ դատավորներից մեկը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արմաղանյանի որդին է՝ Դավիթ Արմաղանյանը, ով լինելով փաստաբան և «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատու, ցույց էր անում՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակման: Բնական ու հասկանալի է իշխանությունների ցանկությունը՝ այս երիտասարդին տեսնելու որպես մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավոր:

Հաջորդը, ըստ մեզ հասած լուրերի, կլինի ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակված Տիգրան Սահակյանի որդին, այժմ քննիչ Վազգեն Սահակյանը:

Վերջինիս, ըստ էության, վարձահատույց են լինում այս կերպ, քանի որ Վազգեն Ռշտունու փոխարեն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում նստած Տիգրան Սահակյանը ԲԴԽ նախագահի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանի բարձր հովանու ներքո հայտնի, հնչեղություն ունեցող գործերով բողոքների քննությունը ձեռքով, օրենքի կոպտագույն խախտմամբ, հեշտությամբ, առանց քննարկելու կամ տրտնջալու՝ մակագրում է վերահսկելի դատավորների: Իսկ նման հնազանդությունը, թերևս, պետք է գնահատվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում