Ո՞ր հարցերի շուրջ է ռուս-ֆրանսիական կոնսենսուսը Հարավային Կովկասում

Ո՞ր հարցերի շուրջ է ռուս-ֆրանսիական կոնսենսուսը Հարավային Կովկասում

Հայկական կողմը սկսում է ֆրանսիական կողմին անկաշկանդորեն ներկայացնել իր բողոքները, որը ենթադրում է նոր մակարդակի երկկողմ հարաբերություններ և ակնկալիքներ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան, «Վալդայ» ակումբի գիտական ծրագրերի ղեկավար Ֆյոդոր Լուկիանով։

«Մյուս կարևոր հանգամանքը – նրա խոսքով – այն է, որ ֆրանսիական կողմի շեշտադրումները ցույց են տալիս, որ կա կոնսենսուս հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը լուծելու ուղիների վերաբերյալ Մոսկվայի և Փարիզի միջև, այսինքն՝ կա որոշակի կոնսենսուս, կլինի նաև համագործակցություն, թե ինչպես՝ դեռ բարդ է ասել:

Լուկիանովն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ռուսաստանի համար, բնականաբար, ավելի հարմարավետ է աշխատել Ֆրանսիայի հետ՝ հաշվի առնելով նաև այն խնդիրները, որոնք ունի ՆԱՏՕ-ական Ֆրանսիան Թուրքիայի հետ, ինչպես նաև՝ Ռուսաստանը Թուրքիայի հետ:

«Թեև ես մշտապես նաև նշում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունները բարդ ու բազմաշերտ են, դրանք ո՛չ չափազանց լավ են, ո՛չ չափազանց խնդրահարույց, մի հարցում կա համագործակցություն այսօր, մյուսում՝ չկա, վաղը կարող է իրավիճակն այլ լինել, ուստի ռուս-ֆրանսիական համագործակցությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում, Ռուսաստանի համար նախընտրելի է ընդհանուր շահերի պատճառով, Ֆրանսիայի ոչ ընդգծված հակառուսական դիրքորոշման պատճառով, ի տարբերություն Եվրամիության և Միացյալ Նահանգների, ուստի Ֆրանսիան թե ԵԱՀԿ ՄԽ անդամ է, արևմտյան երկիր, թե նաև որոշ հարցերում Ռուսաստանի հետ կոնսենսուս և ընդհանուր տարածաշրջանային շահեր ունեցող երկիր:

Ավելին, սիրիական ճգնաժամի թեժ փուլում ռուս-ֆրանսիական հարաբերությունները լարված ու փոփոխական էին, սակայն 2019 թվականի Պուտին-Մակրոն հանդիպումից հետո նոր փուլ սկսվեց Ֆրանսիայի արտաքին քաղաքականության և երկկողմ հարաբերությունների ոլորտում, Փարիզը սկսեց ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել, ինքնուրույն՝ Արևմուտքից, ուկրաինական ճգնաժամի, ինչպես նաև այսօր այլ հարցերի ուղղությամբ՝ համագործակցելով Ռուսաստանի հետ: Մակրոնի դերը տարածաշրջանում կարող է աճել, զուգահեռաբար չփոխվել նաև Ռուսաստանի ավանդական դերը: Այս պահին Ռուսաստանն ու Ֆրանսիան միմյանց չխանգարող են այդ ռեգիոնում:

Սա Ռուսաստանի համար հարմար տարբերակ է՝ հաշվի առնելով Թուրքիայի, Արևմուտքի, Վրաստանի, Իրանի հետ հարաբերություններն ու Ֆրանսիայի դիրքավորումը: Այդպես ևս պատահում է: Ռուսաստանը ևս իր տեղում չի դոփում, ռուսական արտաքին քաղաքականությունը ևս փոխվում է՝ հատկապես հետսովետական տարածաշրջանի նկատմամբ, որը մշտապես համարվում էր ՌԴ ազդեցության գոտին: Այստեղ ամեն ինչ չափազանց բարդ է՝Ուկրաինա, Միջին Ասիա, Հարավային Կովկաս, բոլոր գոտիներում տարբեր խաղացողներ ու սխեմաներ են աշխատեցվում: Փոխվում է նաև ամերիկյան քաղաքականությունը, դա դրսևորվեց Աֆղանստանից կոնտինգենտը հանելու որոշմամբ, սա կարևոր ազդանշան էր աշխարհում ԱՄՆ-ի ապագա տեղն ու դերն ընկալելու ճանապարհին, համաշխարհային քաղաքականությունը փլվել է, ԱՄՆ-ը ևս հասկանում է, որ իր հնարավորությունները սահմանափակ են, և պետք է առաջնահերթություններով առաջնորդվել»,- ասաց Լուկիանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում