Նախկին պաշտոնյաներից ում բիզնեսներին է աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը

Նախկին պաշտոնյաներից ում բիզնեսներին է աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը

Թեև ՀՀ իշխանությունները պարբերաբար մեղադրում են իրենց նախորդներին կոռուպցիայի, թալանի և մնացյալ՝ հնարավոր և անհնարին մեղքերի մեջ, դա չի այնուամենայնիվ չի խանգարում կառավարությանը միլիոնների հասնող հարկային արտոնություններ տրամադրել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններին, գրում է Lurer.com-ը:

Դիցուք՝ կառավարությունը արտոնություն էր տվել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունը, որն ազատվեց 311 մլն դրամի մաքսատուրքի վճարումից: Այդ գումարը հաշվարկվել էր 3,6 մլրդ դրամ կամ մոտ 7 մլն դոլար արժողության բոլդոզերներ, այլ մեքենաներ ու մեխանիզմներ ներկրելու համար: Ընկերությունը վերագրվում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանին:

Երկրորդ ընկերությունը, որը 380 մլն դրամի էքսկավատոր գնելու համար ստացավ 19 մլն դրամի մաքսատուրքը չվճարելու արտոնություն, «ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ-ն է: Ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինությամբ: Այն պատկանում է Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի զավակներին, որոնցից Լիլիթ Հակոբջանյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդականն է:

2017 և 2018 թթ. ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն Է ստացել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն:Ընկերությունում ևս 40 տոկոս բաժնեմաս ունի Արման Աբրահամյանը, որը «Գազպրոմ Արմենիայի» դուստր ընկերության՝ «Տրանսգազ»-ի նախկին տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի փեսան է։

Կառավարությունը 3 տարվա ընթացքում 3-րդ արտոնությունն է տրամադրում ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Տեքսաս փրոդաքշըն» ընկերությանը։ Աստղիկ Ալեքսանյանը փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներից մեկն է, սակայն՝ որքան բաժնեմասն է նրան պատկանում, հայտնի չէ։ Սա միակ արտոնությունը չէ, որ ստանում է գործարարի դստեր ընկերությունը։ Հուլիսի 1-ին կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մաքսատուրքից ազատվել է Աստղիկ Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն ևս՝ «Ալեքս տեքստիլ»-ը։ Այս ընկերությունը նույնպես իր 3-րդ արտոնությունն էր ստանում։

Կառավարությունը մաքսային արտոնություն է տվել «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ին: Factor.am-ի հրապարակումների համաձայն այս ընկերությունը պատկանում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արտաշես Պետրոսյանի ընտանիքին: Արտաշես Պետրոսյանը, մինչ օրենսդիրում աշխատանքի անցնելը, եղել է այս ընկերության փոխտնօրենը:

Մաքսատուրքից ազատելու արտոնություն Է տրամադրվել նաև ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի որդու՝ Սերգեյ Սոֆոյանի ընկերությանը՝ «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին:

Կառավարությունը հունիսի 25-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց «Սոլար ֆարմ» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատվելու արտոնություն տալու որոշում։ Ընկերության կողմից ներմուծվելու են ապրանքներ, որոնք օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար (արևային կայանի կառուցում)։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 51.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 4.2 մլն դրամ: «Սոլար ֆարմ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թ. մարտին։ Բաժնետերերից մեկը Էկոնոմիկայի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Արմեն Կարապետյանն էԱրմեն Կարապետյանը 2017-2018 թթ․ զբաղեցրել էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Այնուհետև, նախարարությունների օպտիմալացման արդյունքում, դարձել էր Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար։ Կարապետյանը ազատվել է պաշտոնից 2019-ի հոկտեմբերին, ինչպես ինքն է պարզաբանել՝ առողջական դրդապատճառներով։ Շուրջ մեկ ամիս անց նա դարձել է «Սոլար ֆարմ» ընկերության 50 տոկոս բաժնետեր։

Արտոնություն է ստացել նաև նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող «Վաբա» ՍՊԸ-ն:

Արտոնություն է տրվել նաև «Ջերմուկ գրուպ» ընկերությանը: Նշենք, որ ընկերության սեփականատերը նախկին հանրապետական պատգամավոր Աշոտ Արսենյանն է: Կառավարությունը ընկերությանը տրամադրել է 26 մլն 656 հազար 346 դրամի մաքսատուրքի ազատման արտոնություն:

Նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող ընկերությունն այսօր Կառավարության կողմից 26 միլիոն դրամի արտոնություն Է ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում