«Փաստ». Ձախողված «տրյուկներ»

«Փաստ». Ձախողված «տրյուկներ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի Ազգային ժողովը միայն ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների առաջադրման և հաստատման հարցերով է զբաղված։ Երեկ հազիվ հաջողացրեցին նախագահության «քառյակն» ընտրել, ապա անցնել մշտական հանձնաժողովներին: Բնականաբար, ինչքան շուտ ԱԺ-ն անցնի բովանդակային հարցերի քննարկմանը, այնքան լավ։ Ի դեպ, նկատած կլինեք, որ իշխող ուժի ներկայացուցիչներից շատերը, մեկը մյուսին հերթ չտալով, հայտարարում են աշխատանքային ու կառուցողական մթնոլորտ ստեղծելու մասին, սակայն, միևնույն ժամանակ, փորձում են այնպես անել, որ հանկարծ խորհրդարանում կառուցողական մթնոլորտ չստեղծվի։ Ավելին, նրանցից մեկը նույնիսկ բացեիբաց հայտարարում է, թե չեն երազում ընդդիմության հետ կառուցողական աշխատանքի մասին:

Այս համատեքստում իշխող ուժի խորհրդարանական խմբակցության անդամները շատ պարզունակ, ինչ-որ առումով գուցե թե նաև երեխայական քմահաճություններին բնորոշ քայլեր են կատարում։ Այն հատկապես ցայտուն դրսևորում ունեցավ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հարցի դեպքում։ Թերևս դա էր պատճառը, որ քվեարկության ժամանակ Իշխան Սաղաթելյանը երկու անգամ չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Այս հարցը անգամ երկարբարակ քննարկումների չպետք է արժանանար, քանի որ օրենքով հստակ նախատեսված է՝ ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը։ Բայց իշխանությունն իր ոճին հավատարիմ չէր մնա, եթե արհեստական խոչընդոտներ չստեղծեր այս հարցում ու, միևնույն ժամանակ, չմեղադրեր ընդդիմությանը՝ ասելով, թե անհրաժեշտ ձայների նվազագույն քանակը իրենք ապահովել են, ընդդիմադիր փոխնախագահին չեն ընտրել հենց ընդդիմադիրները, քանի որ սաբոտաժ են արել։ Իրականում այս իշխանությունների հավաստիացումներն արդեն շատ վաղուց լումայի արժեք էլ չունեն։ Իրականում, ընդդիմությանը որևէ կերպ ձեռնտու չէր փոխնախագահի ընտրության հարցը ձգձգելը: Իսկ իշխանության ինչի՞ն էր պետք այս ողջ թատրոնը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում