Ի՞նչ լեզվով կխոսի Արշակ Կարապետյանը Մոսկվայում

Ի՞նչ լեզվով կխոսի Արշակ Կարապետյանը Մոսկվայում

Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՊՆ–ից։

Պաշտպանական գերատեսչությունից նաև տեղեկացնում են, որ Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ:

Հիշեցնենք, նախօրեին Արշակ Կարապետյանը Երևանում ընդունել է ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասին, որի հետ շատ խիստ զրույց է ունեցել։ Նա փաստացի մեղադրել է ռազմական այդ կառույցին անգործության մեջ և նշել, որ հայկական կողմի համբերությունն անսպառ չէ։ Իսկ մինչ այդ էլ պաշտպանության նախարարը խիստ ցուցումներ էր տալիս Երրորդ բանակային կորպուսի մարտիկներին։

Այս ամենի ֆոնին չափազանց հետաքրքիր է, թե ի՞նչ լեզվով կխոսի Արշակ Կարապետյանը Մոսկվայում։ Որովհետև անվտանգային խնդիրները Հայաստանում շարունակում են չլուծված մնալ, թշնամին դեռևս գտնվում է ՀՀ տարածքում, մեր տղաները գերության մեջ են, դիրքերը՝ թույլ պաշտպանված, իսկ Հայաստանի իշխանություններն՝ Աստված գիտի, թե ինչով զբաղված։ Դրա համար է առաջանում այդ հարցը՝ ի՞նչ կասի և կանի ՀՀ պաշտպանության նախարարը Մոսկվայում։ Վերջին 2-3 օրերի երևանյան նրա հայտարարություններն այս իշխանությունների հերթական շոու՞ն են, թե որոշված նոր բաներ կան։ Եվ եթե կան, ապա ի՞նչ։

Սոս ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում