Տնտեսությունը պոպուլիզմ, կենացներ չի սիրում, սիրում է հստակ քայլեր և գործեր․ Վահե Հակոբյանը ներկայացրեց իր տեսլականը

Տնտեսությունը պոպուլիզմ, կենացներ չի սիրում, սիրում է հստակ քայլեր և գործեր․ Վահե Հակոբյանը ներկայացրեց իր տեսլականը

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը խորհրդարանում ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում տնտեսության առողջացումն ու զարգացումը այն իրավիճակում, որն այսօր առկա է Հայաստանում, գրում է Aysor.am-ը։

«Անհրաժշտ է ընթացիկ ծախսերը կրճատել հենց այսօր։ Առաջիկա տարիների համար պետք է ակնկալել հարկաբյուջետային կոնսոլիդացիա՝ ուղղված պետական պարտքի կայունացման վերադարձին։ Միաժամանակ անհրաժեշտ են կտրուկ միջոցառումներ ենթադրող օրենսդրական փոփոխություններ, որոնք բարենպաստ միջավայր կստեղծեն բիզնեսի համար։ Այսուհետ պետության կողմից վերցված վարկերը պետք է ուղղվեն բացառապես կապիտալ ծախսերի վրա։ Պետությունը ամեն ինչ պետք է անի բիզնեսի համար, բիզնեսը պետք է հարկեր տա, ամեն ինչ անի պետության համար, միասին ստեղծեն արժեք, որը կաշխատի սոցիալական հարցերը լուծելու համար, ոչ թե դրանք լուծել՝ պետական պարտքի հաշվին», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բացահայտել և կրճատել բոլոր տեսակի անարդյունավետ ծրագրերը և մեծացնել տնտեսական աճ ստեղծող ծախսերը։

«Այդ կերպ հնարավոր է արագացնել տնտեսության վերականգնումը, ինչպես նաև միջնաժամկետում բարձրացնել տնտեսական աճի պոտենցիալը՝ հնարավորություն ստեղծելով անվանական ՀՆԱ-ի աճի հաշվին նվազեցնել պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը։ Տնտեսությունը պոպուլիզմ, կենացներ չի սիրում, սիրում է հստակ քայլեր և գործեր», – ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում