ՌԴ-ն չի պատրաստվում հեռանալ Արցախից. Վլադիմիր Եվսեև

ՌԴ-ն չի պատրաստվում հեռանալ Արցախից. Վլադիմիր Եվսեև

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Եվրասիական ինտեգրման և Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն այն կարծիքին է, որ եռակողմ հայտարարությամբ նախատեսված 5 տարի ժամկետի լրանալուց հետո Ռուսաստանը չի հեռանա Արցախից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով այն քննարկումներին, թե եռակողմ հայտարարությամբ նախատեսված 5 տարվա ժամկետը լրանալուց հետո ռուսական խաղաղապահ զորքերը կհեռանա՞ն Արցախից, թե՞ կերկարաձգեն իրենց առաքելությունը, Վլադիմիր Եվսեևը նկատեց, որ ՌԴ-ն Արցախից հեռանալ չի պատրաստվում, քանի որ հակառակ դեպքում նա խաղաղապահներ չէր մտցնի այնտեղ: «Ռուսաստանը խաղաղապահ գործունեության մեծ փորձ ունի Աբխազիայում, Հարավային Օսիայում, Տաջիկստանում, Մերձդնեստրում, և երբևէ Ռուսաստանը, խաղաղապահներ տեղակայելով, արագ նրանց դուրս չի բերել», – ասաց Եվսեևը:

Ռազմական փորձագետը հիշեցրեց՝ ռուսաստանյան խաղաղապահները առնվազն 4,5 տարի Լեռնային Ղարաբաղում մնալու մանդատ ունեն, իսկ այդ ընթացքում իրավիճակը կարող է էապես փոխվել:

«Դուք հավանաբար գիտեք, որ ածխաջրերի արդյունահանման ինքնարժեքը Ադրբեջանում էապես աճում է, քանի որ նախևառաջ սպառվում են նավթի պաշարները: Ինչ վերաբերում է գազի պաշարներին՝ հիմնականում խտացման շնորհիվ մեկ տարում ապահովվում է ընդամենը 33 մլրդ խմ գազ, իսկ դա ծավալով ընդամենը մեկ խողովակի գազ է: Սա այն ամենն է, ինչ Ադրբեջանը կարող է տալ մեկ տարում: Ամերիկյան ընկերությունները հեռացել են Ադրբեջանից, մնացել է միայն բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիումը»՝ հիմնականում քաղաքական նկատառումներով: Իսկ 4,5 տարվա ընթացքում շատ բան կարող է փոխվել: Ռուսաստանը մինչև այդ ժամկետի լրանալը միանշանակորեն չի պատրաստվում դուրս բերել իր խաղաղապահներին, իսկ ժամկետը լրանալու պահին Արցախի Հանրապետության քաղաքացիների մի մասը հնարավոր է՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստացած լինեն: Իրավիճակը կարող է ինչ-որ չափով նմանվել Մերձդնեստրի իրավիճակին, որտեղ նույնպես կան ՌԴ քաղաքացիներ, և Ռուսաստանը ներկա է այնտեղ իր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու նպատակով», – այսպիսի կանխատեսում արեց տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում