ՔՊ-ականների լկտի լինելու ինդուլգենցիան ու դրա հետևանքները

ՔՊ-ականների լկտի լինելու ինդուլգենցիան ու դրա հետևանքները

Այն, ինչ նախօրեին տեղի ունեցավ Ազգային ժողովում, ոչ այլ ինչ էր, քան իշխանությունների կողմից խորհրդարանական ընդդիմության «վախը բռնելու» գործողություն։ Ըստ էության, մենք բոլորս ականատես եղանք այն բանի, թե ինչ է սպասվում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներին, եթե նրանց խոսքն ու գործողությունները դուրս գան ՔՊ-ականների պատկերացրած կարմիր գծերից։ Նրանց պարզապես կլռեցնեն, կհեռացնեն դահլիճից ու թույլ չեն տա մասնակցել Խորհրդարանի աշխատանքներին։ Դրա համար իշխանությունն ունի ամեն ինչ՝ համապատասխան բարոյական նկարագիր (ավելի կոնկրետ՝ անբարոյականություն), հարյուրավոր անվտանգության աշխատակիցներ, թիկնապահներ և այլն։

Ի՞նչ է սա նշանակում։ Առնվազն մի քանի բան։ Նախ, իշխանությունները փաստացի լավ են նախապատրաստվել խորհրդարանական ընդդիմության գոյության փաստին։ Իհարկե, ոչ քաղաքականապես։ Զուտ ֆիզիկապես։ Եվ դա է պատճառը, որ Ազգային ժողովի շենքի միջանցքներում ու շուրջը մի ամբողջ քաղաք (օրինակ՝ Շուշին) պաշտպանելուն բավական զորք ու անվտանգության աշխատակիցներ կան։

Երկրորդ, ակնհայտ է, որ ՔՊ-ականները լկտի լինելու ինդուլգենցիա են գնել թե՛ աշխարհաքաղաքական կենտրոններից և թե՛ տարատեսակ իրավապաշտպան կառույցներից։ Այդ է պատճառը, որ գործելով ակնհայտ ապօրինություն՝ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հետո հանգիստ կանգնում ու հայտարարում է. «Գնացեք, որտեղ ուզում եք բողոքեք»։

Եվ երրորդ՝ ամենակարևորը, դավաճանների ու կապիտուլյանտների այս իշխանությունը, ունենալով նման պաշտպանվածություն խորհրդարանում, հանգիստ կարողանում է խոսել ինչ ցանկանում է, փոխել քաղաքական օրակարգերը, անպատասխանատու հայտարարություններով հանդես գալ և մնալ անպատիժ։ Իսկ սա նշանակում է, որ խորհրդարան գոյություն չունի։ Այն ընդամենը մի հարթակ է, որտեղ ընդդիմության հնարավորությունները սահմանափակվում են զինված մարդկան կողմից, իսկ իշխանություններն ինչ ուզում, անում են։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում