Ադրբեջանի նախկին դեսպանին 50 տարով արգելել են մուտք գործել Ռուսաստան

Ադրբեջանի նախկին դեսպանին 50 տարով արգելել են մուտք գործել Ռուսաստան

ՌԴ ներքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել 50 տարով արգելել Բելառուսում, Մոլդովայում եւ Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վագաբզադեի մուտքը Ռուսաստանի տարածք՝ ռուս ժողովրդի մասին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար, փոխանցել է NEWS.am-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին և ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնին:

Ավելի վաղ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտնել էր, որ Վագաբզադեն տեսախցիկի առաջ ռուսներին խոզեր է անվանել:

«Այսօր որոշումներ են կայացվել Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Կուատ Ախմետովի եւ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Իսֆանդիար Վագաբզադեի մուտքը ՌԴ տարածք 50 տարով արգելելու մասին, քանի որ նրանք համացանցում ազգամիջյան պառակտում հրահրող հրապարակային հայտարարություններ են արել», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կուատ Ախմետովը հայտարարել է, որ ռուսները, իբր, արհամարհական վերաբերմունք ունեն իր հայրենակիցների նկատմամբ:

«Ռուսաստանի ՆԳՆ-ն նախազգուշացնում է, որ ՌԴ-ի, նրա բնակիչների եւ արտերկրում բնակվող հայրենակիցների հանդեպ ապակառուցողական գործողությունների կոչ անող օտարերկրյա քաղաքացիներին թույլ չի տրվի մուտք գործել երկիր՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանում նրանց գտնվելը կարող է սպառնալ հասարակական կարգին եւ անվտանգությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում