44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով։ Ի՞նչ է կատարվում կուլիսներում

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով։ Ի՞նչ է կատարվում կուլիսներում

Անցնող շաբաթն աչքի ընկավ խորհրդրանում տեղի ունեցող սուր քննարկումներով, որոնք դարձան ներքաղաքական զարգացումների` չափից ավելի լարված լինելու հերթական ապացույցներից մեկը։ Ըստ էության, 8-րդ գումարման Ազգային ժողովը դեռևս չի էլ անցել Հայաստանի իրական քաղաքական, սոցիալական և տնտեսական օրակարգերի քննարկմանը։ Այն, ինչին ականատես եղանք բոլորս այս օրերին, ընդամենը տեխնիկական խնդիրների շուրջ ընթացող մարտեր էին, որոնց ելքը կանխորոշված էր ՀՀ Սահմանադրությամբ և մի շարք այլ օրենքներով։ Այսինքն, անկախ այն բանից, թե ինչ թատրոն կխաղար իշխանական ֆրակցիան խորհրդարանում, միևնույն է Իշխան Սաղաթելյանն ընտրվելու էր Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, իսկ Ալեն Սիմոնյանն էլ դառնալու էր խոսնակ։ Եվ այս բոլորը, կրկնում եմ, ընդամենը տեխնիկական հարցեր էին։

Մինչդեռ, այս Խորհրդարանին իրականում դեռևս բազում դժվար և իրապես կարևոր խնդիրներ են սպասում։ Դրանցից մեկը, օրինակ, վերաբերվում է անցած 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության հանձնաժողովի ձևավորմանն ու դրա աշխատանքներին։ Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն արդեն սկսել են խոսել այն մասին, թե ինչ պատկերացումներ ունեն այդ հանձնաժողովի կառուցվածքի, գործունեության տրամաբանության և նպատակների մասին։ Ինչպես և կարելի էր ակնկալել, այս հարցում ևս իշխանության և ընդդիմության դիրքորոշումները տրամագծորեն տարբեր են։ Այսպես, ընդդիմությունը պնդում է, որ տվյալ հանձնաժողովը չի կարող լինել իշխանությունների գործիքը, որովհետև այդ պարագայում վերջիններս պարզապես կկոծկեն պատերազմի մեկնարկի և պարտության պատճառ դարձած իրենց մեղքը։ ՔՊ-ականներն էլ, բնականաբար, ամեն ինչ անում են, որպեսզի պարտության պատասխանատվությունը գցեն այսպես կոչված նախկինների վրա։

Բայց եկեք անկեղծ լինենք՝ այն, ինչ հնչում է իշխանությունների ու ընդդիմության շուրթերից, որքան սպասելի ու օրինաչափ է, նույնքան էլ անհետաքրքիր։ Ի վերջո, ի՞նչ պիտի ասեին երկու հակամարտող կողմերի ներկայացուցիչները։ Կարծում եմ՝ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության՝ հանրային դաշտում երևացող գործելաոճը շատ հասկանալի ու կանխատեսելի է։

Առավել հետաքրքիր է, թե ինչ են անում նրանք կուլիսներում։ Այստեղ ահա ամեն ինչ շատ ավելի լուրջ է ու հեռուն գնացող նպատակներով։ Այսպես, Lragir.am կայքում նախօրեին լույս է տեսել մի հոդված, որի հեղինակը փորձում է ապացուցել, որ Հայաստանում պատերազմի իրական մեղավորներ պետք չէ փնտրել։ Հակառուսական գծում մասնագիտացած այս լրատվամիջոցը, իր ոճին համաձայն, ամեն ինչ բարդում է Ռուսաստանի վրա, իսկ Հայաստանի թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանը դիտարկում որպես Մոսկվայի գործիք ու կամակատար։ Որոշակի «անաչառություն» և «օբյեկտիվություն» պահելու համար Lragir.am-ը պատերազմի մեղավոր է նշում նաև Ադրբեջանին ու նրա իշխանություններին (համաձայնեք՝ շատ «խոր» են մտածում ), բայց հոդվածի հիմնական նպատակը, ինչպես երևում է դրա բովանդակությունից, պատերազմի հանգամանքները քննող ԱԺ ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներն իսկզբանե անարդյունավետ կոչելն է։ Իսկ ավելի կոնկրետ՝ Փաշինյան Նիկոլին ու նրա թիմակիցներին պատասխանատվության բեռի տակից հանելը։ Իբրև թե՝ դե ո՞վ են նրանք, որ մի բան էլ մեղավոր լինեն, ամեն ինչի և՛ հեղինակը, և՛ պատասխանատուն Ռուսաստանն է։ Ընդ որում, անհասկանալի է մնում, թե ինչու են Լրագրում բացառում, որ եթե իրապես նորմալ և անաչառ գործող հանձնաժողով լինի, ապա հենց ինքը՝ հանձնաժողովը, կարող է հանգել նույն Ռուսաստանից պատասխաններ պահանջելու անհրաժեշտությանը։

Ես իհարկե չեմ բացառում, ավելին՝ շատ դեպքերում տեսանելի եմ համարում արտաքին ուժերի բացասական ազդեցությունը Արցախի ճակատագրի և պատերազմի՝ մեզ համար ողբալի հետևանքների հարցում։ Բայց եկեք իրերը զանազանենք միմյանցից և հասկանանք, որ ներքին դավաճանությունը, անկարողությունը, բացթողումները մեկ բան են, իսկ արտաքին ազդեցությունը՝ մեկ այլ։ Սա իհարկե չի նշանակում, որ մենք չպիտի քննենք գերտերությունների՝ այդ թվում նաև Ռուսաստանի դերակատարումը Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում։ Ու եթե անգամ պարզվի, որ իսկապես ողջ աշխարհն է պատերազմել մեր դեմ, ամեն դեպքում դա դեռ չի նշանակի, որ Փաշինյան Նիկոլն ու նրա թիմը չպիտի դրա համար պատասխանատվություն կրեն։ Այո, հայտնի ճշմարտություն է, որ հաղթանակները բազում ծնողներ ունեն, իսկ պարտություները որբ են ու անտեր, բայց վստահեցնում եմ, որ մեր պարտությունն այդ դեպքը չէ։ Հետևաբար չի կարելի թույլ տալ, որպեսզի տարատեսակ քարոզչական հնարքներով իշխանությունները, կամ ցանկացած ուրիշ ուժեր, կարողանան անլրջացնել պատերազմի պատճառներն, ընթացքը ու հետևանքը քննող կառույցների, այդ թվում նաև՝ խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները և սլաքները դեպի դուրս ուղղեն։

Պատերազմում կրած պարտության համար բոլոր մեղավորները պետք է բացահայտվեն՝ լինեն նրանք հին թե նոր, զինվորական թե քաղաքացիական, դուխով թե խելքով… կարևոր չէ. նրանք պետք է բացահայտվեն։ Ինչպես նաև պետք է բացահայտվեն պատերազմի պատճառները։ Եվ սա ազգային թիվ մեկ օրակարգն է։ Որովհետև դրանից է կախվախ նաև հայկական երկու պետությունների լինել-չլինելու հարցը։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն

Հետևեք մեզ նաև Telegram-ում