Հայ ժողովուրդը աննահանջ պայքարելու է իր իրավունքների համար՝ Իշխան Սաղաթելյանի պատասխանը Ալիևին

Հայ ժողովուրդը աննահանջ պայքարելու է իր իրավունքների համար՝ Իշխան Սաղաթելյանի պատասխանը Ալիևին

Հարևան երկրի ղեկավարը երեկ նորից իրեն թույլ է տվել մեր ժողովրդի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ։ Այս մասին Faceboo-յան իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Միջազգային ահաբեկչական ուժերի և այլ պետությունների ներգրավմամբ՝ մեր ժողովրդի նկատմամբ սանձազերծված պատերազմից հետո, Ալիևն ակնհայտորեն նպատակ ունի կարճ ժամանակահատվածում ամբողջապես կազմաքանդել Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։

Բաքվում պետք է շատ հստակ իմանան, որ Հայասատանի ներկա ժամանակավոր կաշկանդավածությունը և ապաշնորհ իշխանությունների գոյությունը չեն կարող հիմք հանդիսանալ մեր պետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության շարունակական ոտնահարումների, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքը անտեսելու համար։

Հայ ժողովուրդը, որպես հայկական երկու պետությունների հարատևության և անվտանգության երաշխավոր, աննահանջ պայքարելու է իր իրավունքների համար։

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա վերջինս պետք է անհապաղ և գործնականորեն սանձի մեր պետության նկատմամբ անթաքույց տարածքային պահանջներ ունեցող պատերազմական հանցագործի հավակնությունները»,- գրել է Իշխան Սաղաթելյանը։

Միջազգային կազմակերպություններն ու ուժային կենտրոնները չպիտի աչք փակեն միջազգային հարաբերություններն ու արդի աշխարհի անվտանգային համակարգերը կազմաքանդող ադրբեջանական գործողությունների վրա։

Հայ ժողովուրդն իր պատմության ամբողջ ընթացքում պայքարել է հանուն արժանապատիվ խաղաղության, վերջին 30 տարիների ընթացքում մենք եղել ենք այս տարածաշրջանում խաղաղության ջատագովն ու պարտադրողը։ Մենք խաղաղություն ենք ուզում, սակայն այդ խաղաղությունը չի կարող լինել ի հաշիվ մեր արժանապատվության և գոյութենական իրավունքների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում