Սահմանում փաստացի պատերազմ է: Դրությունը փրկելու վերջին հնարավորությունը

Սահմանում փաստացի պատերազմ է: Դրությունը փրկելու վերջին հնարավորությունը

Նախօրեին առաջնագծից ստացվող տեղեկությունները վկայում էին մեկ բանի մասին՝ Հայասանի սահմանում փաստացի պատերազմ է։ Ամբողջ օրվա ընթացքում մենք կարդացինք այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են թե՛ Սյունիքի, թե՛ Գեղարքունիքի և թե՛ Արարատի մարզերի ուղղությամբ։ Ընդ որում, թշնամին թիրախավորում է ոչ միայն մեր մարտական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։ Երեկոյան Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի ողջ երկայնքով լարվածությունը մեծացավ։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ երեկ մենք ունեցել ենք երկու զոհ։ Ըստ ոչ պաշտոնականի՝ երեք։

Բայց ինչո՞վ էր զբաղված երեկ ողջ օրվա ընթացքում հայ հանրությունը։ Ճիշտ է՝ աֆղանստանյան զարգացումներով։ Մեկն ուրախանում էր ԱՄՆ ու նրա դաշիանկիցների խայտառակ պարտությամբ Աֆղանստանում, մյուսը համեմատականներ անցկացնում թալիբների ու 2018թ. հեղափոխականների՝ Աֆղանստանի ու Հայաստանի նախագահականներում արված լուսանկաւների միջև, երրորդը փորձում կանխագուշակել, թե ինչ հետևանք կունենա Թալիբա շարժման ակտիվացումը և այլն, և այլն։ Իսկ ահա Հայաստանի սահմաններում և Արցախում տեղի ունեցող զարգացումների մասին մենք գրեթե չենք խոսում։ Կամ էլ խոսում ենք բացառապես Նիկոլի ընտրողներին ևս մեկ անգամ մեղադրանքներ ուղղելու նպատակով։ Թե բա՝ ձեր ընտրած ապագան է…

Խոսքն իհարկե բոլորին չի վերաբերվում։ Բայց հանրության մեծամասնությունն իսկապես անտարբեր է, օրինակ այն փաստին, որ Արցախի մեր հայրենակիցներն այս էլ քանի օր է խմելու ջուր չունեն։ Որ այնտեղ հումանիտար աղետ է հասունանում։ Որ թշնամին շարունակում է գրոհել ՀՀ սահմանները՝ փորձելով այնպիսի դիրքեր գրավել, որտեղից ապագայում հնարավոր կլինի Հայաստանին գրեթե ամեն բան պարտադրել։ Մեր հասարակությունը լռում է նաև սահմանների վիճակի, զինվորների գրեթե անպաշտպան լինելու, դելիմիտացիայի ու դեմարկացիայի սպասվող ցավոտ գործընթացների և իր իսկ անվտանգությանը վերաբերող բազում այլ հարցերի մասին։

Կոլեկտիվ լռություն և կոլեկտիվ անպատասխանատվություն։ Նման իրավիճակում այլևս զարմանալի էլ չէ, որ հայկական պետության հետ ոչ ոք հաշվի չի նստում։ Ստեղծվել է այնպիսի դրություն, որի համար արդեն այլևս հնարավոր չէ մեղադրել միայն իշխանություններին։ Ո՛չ։ Մեղավորը ողջ հայ հանրությունն է՝ իր իշխանամետ, ընդդիմադիր ու անտարբեր հատվածներով։ Հենց հանրությունն է, որ ոչ մի պահանջ չի դնում երկրի ղեկավարների ու վերնախավի առջև։ Վերջիններս էլ, օգտվելով այդ հանգամանքից, շատ ազատ են զգում իրենց դրսի ուժերի հետ շփումներում։ Հանրային ճնշման բացակայությունը ստիպում է նրանց ենթարկվել այլ ուժերի կամքին, որպես փոխհատուցում ստանալով ոչ թե Հայաստանի, այլ բացառապես սեփական քաղաքական շահից բխող դիվիդենտներ։ Սա է այն իրականությունը, որն այսօր կա Հայաստանում։

Հանրությունը չի կարող այլևս անտարբեր մնալ սեփական ճակատագրին։ Եկել է հանրային պատասխանատվության ժամը։ Եթե մենք ներսում շատ շտապ չունենանք համապատասխան որոշումներ, ապա ամեն ինչ կարելի կլինի կործանված համարել։ Ժամանակ իրականում գրեթե չունենք։ Կրկնում եմ՝ Հայաստանի սահմաններում փաստացի պատերազմ է։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում