Պաշտպանության նախարարությունը խելքը գլուխը պետք է հավաքի

Պաշտպանության նախարարությունը խելքը գլուխը պետք է հավաքի

ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում երեք հայ զինծառայողների դիերի հայտնաբերման փաստը ցնցող է։ Երեք հայ զինվոր հրազենային մահացու վիրավորում են ստացել, իսկ մեր պաշտպանական գերատեսչությունը դեռևս չի պարզել տեղի ունեցածի հանգամանքները։ Միակ բանը, որ հայտնում են պաշտպանության նախարարությունից այն է, որ «այս պահին եղած նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի հետ»։ Հարց է առաջանում՝ բա ու՞մ հետ կապ ունի։ Այլմոլորակայինների՞։ Որովհետև անհնար է հավատալ, որ մեր զինված ուժերում բարոյա-հոգեբանական վիճակն այն աստիճանի է հասել, որ զինվորներն ընդունակ են ահա այսպես զանգվածաբար ոչնչացնել միմյանց…

Քանի դեռ շատ ուշ չէ, ՀՀ պաշտպանության նախարարությունը և ընդհանրապես ողջ պաշտպանական համակարգը պետք է շատ արագ ուշքի գա։ Այսօր առավոտյան, երբ կարդացի մեր զինծառայողների զոհվելու մասին ապշեցուցիչ այդ լուրը, առաջինը որ մտքիս եկան նախօրդ օրը Խորհրդարանում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի խոսքերն էին։ Իսկ մինչ այդ էլ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն էր Դավիթ Տոնոյանի ոճով սպառնում ադրբեջանցիներին։ Մտածում էի՝ երևի թե այսպես է մարդասպան Ալիևը որոշել պատասխանել մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Դե բայց հիմա ՊՆ-ն փաստացի հերքում է այդ վարկածը, ինչը շատ ավելի լուրջ մտահոգությունների պատճառ է դառնում։

Ի՞նչ է կատարվում մեր Զինված ուժերում։ Ինչպե՞ս ենք դուրս գալու մենք այս իրավիճակի։ Կա՞ որոշակի գործողությունների ծրագիր, թե՞ ՊՆ-ում որոշել են, որ «դուխով» խոսքն ամեն ինչ իր տեղը կդնի։ Ինչպե՞ս է ստացվում, որ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը գնում է խորհրդարան փակ քննարկման, դրանից հետո պատգամավորների մտահոգությունները սահմանային իրավիճակի հետ կապված միայն ավելի են շատանում։ Հարցերն իրականում չափազանց շատ են։ Ու թեև հասկանալի է, որ ամեն բան չէ, որ կարելի է բաց քննարկել, բայց նաև հստակ է, որ այսպես շարունակվել չի կարող։ Պաշտպանական գերատեսչությունն իսկապես խելքը գլուխը պետք է հավաքի։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում