Կազմվել է «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների գերեզմանների կառուցապատման նախագիծ-առաջարկը. ՊՆ

Կազմվել է «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների գերեզմանների կառուցապատման նախագիծ-առաջարկը. ՊՆ

Ս.թ. փետրվար-մարտ ամիսներին, մասնագետները կազմել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 2020թ. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցապատման, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագիծ-առաջարկը, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքներն իրականացնել 2 փուլով.

1. Հուշահամալիրի գերեզմանների շինարարական աշխատանքների իրականացում,

2. Բարեկարգման, ինժեներական համակարգերի և օժանդակ կառույցների իրականացում:

Սահմանված կարգով շինարարական 4 կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր և, յուրաքանչյուր կազմակերպության համար առանձնացված տեղամասերում, նախապես համաձայնեցված նախագծային լուծումներով, ներկայում իրականացվում է գերեզմանների կառուցապատումը` ներառյալ հաստատված հատակագծերով հուշաքարերի տեղադրումը, բազալտե հատակի կառուցումը և այլն: Թեև հուշաքարերը հատակագծվել են քննարկելով մի խումբ հարազատների հետ, համաձանեցվել ճարտարապետի հետ, այնուամենայնիվ, որոշ հարազատներ հայտնել են իրենց անհամաձայնությունը:

Որպես խնդրի լուծում՝ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, տեղում դրվել են մատյաններ, որտեղ զոհվածների հարազատները կարող են ներկայացնել իրենց առաջարկները, որոնք կուսումնասիրվեն, կամփոփվեն և սեղմ ժամկետում կկայացվի վերջնական որոշում:

Զուգահեռաբար, ճարտարապետը և նախագծային կազմակերպությունը մշակում են զոհվածների հիշատակը հավերժացնող կոթողի, ինչպես նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքի ենթակառուցվածքի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, որոնք ներառելու են տարածքների բարեկարգման, ասֆալտապատման, եզրաքարերի տեղադրման ու ջրահեռացման, ոռոգման ցանցերի, էլեկտրական լուսավորման ու տեսահսկման համակարգեր: Նախատեսվում են նաև հսկիչ-անցագրային կետի, հասարակական սանհանգույցի կառուցում և տարածքի ընդհանուր ցանկապատում:

Նշված ճարտարապետահատակագծային և նախագծային գործընթացի սահմանված կարգով նախապատրաստական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. տարեվերջին, իսկ կառուցապատման մեկնարկը՝ 2022թ. առաջին կամ երկրորդ եռամսյակներում՝ կախված եղանակային պայմաններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում