Ադրբեջանցիները զենքը պահել են ՄԻՊ Արման Թաթոյանի վրա

Ադրբեջանցիները զենքը պահել են ՄԻՊ Արման Թաթոյանի վրա

Անցյալ շաբաթ ինքներս համոզվեցինք, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Սյունիքի մարզի Կապան, Տեղ համայնքներ, գյուղեր այցերից վերադարձի M2 միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնեցինք այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինված ուժերն են տեղակայված:

Փորձում էինք հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե ինչ-որ օբյեկտիվ պատճառով, ասենք, մեքենայի անսարքության կամ ուղևորի ինքնազգացողությունը վատանալու պատճառով քաղաքացիական մեքենա կանգնի այդ հատվածում: Մենք ինքներս, իհարկե, քաղաքացիական մեքենաներով էինք:

Այս լուսանկարում Գորիսի Շուռնուխ և Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջև ճանապարհի հատվածն, որը ցույց է տալիս ադրբեջանական տեղակայումներից մեկը: Մեր կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողը նկատեց մեզ, անմիջապես մտավ շինություն (տնակ) և ինքնաձիգը ձեռքին դուրս եկավ ու այն պարզեց մեր ուղղությամբ:

Մեկ այլ տեղում 1-2 րոպե կանգնելուց հետո ադրբեջանական զինծառայողները զինված սկսեցին անհանգիստ շարժումներ անել՝ հեռադիտակով հետևելով մեզ, ապա սկսեցին սուլոցներ արձակել ու ինչ-որ գոռգոռցներ։

Մենք սեփական փորձով համոզվեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին ներկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, ազատ տեղաշարժման ու այլ կենսական իրավունքների խախտում է:

Այս հիմնավորումները համապատասխան ապացույցներով կդրվեն անվտանգության գոտու հայեցակարգի հիմքում կներառվեն ու նույնպես կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին:

Լուսանկարում Google Earth ծրագրի միջոցով պատկերված է ադրբեջանական տեղակայումը մեր 2 գյուղերի միջև»,-գրել է Արման Թաթոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում