Խորհրդարանական ընդդիմության ակտիվությունն ու նրանց առաջնորդների «թայմաուտը»

Խորհրդարանական ընդդիմության ակտիվությունն ու նրանց առաջնորդների «թայմաուտը»

ՀՀ Կառավարության ծրագրի՝ Ազգային ժողովում տեղի ունեցած բուռն քննարկումները կրկին ակտիվացրել են բանավեճն այն մասին, թե ինչ մեթոդներով և ինչ գործառույթ պետք է իրականացնեն ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանում։ Մեկը դժգոհում է այն փաստից, որ վերջիններս պարզապես չեն բոյկոտում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցող նիստերը, մյուսը պահանջում է, որպեսզի բոլորը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի պես արհամարհեն Փաշինյան Նիկոլին, երրորդը՝ մեկ այլ բան և այդպես շարունակ։

Բոլոր այս քննարկումները, սակայն, իրենց բնույթով տեխնիկական են և շատ քիչ առնչություն ունեն խորհրդարանում և ընդհանրապես՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացումների տրամաբանության հետ։ Տպավորությունն այն է, թե քչերն են հասկացել, որ գնալով խորհրդարան՝ ընդդիմությունը, իսկ ավելի ճիշտ՝ ընդդիմության առաջնորդները, փոխել են քաղաքակա պայքարի իրենց մեթոդները և հիմա ամեն ինչ կառուցում են ավելի երկարատև հակամարտության տրամաբանության մեջ։

Այդ ժամանակը, որն ընդդիմության առաջնորդներին պետք է Նիկոլի դեմ պայքարի համար, վտանգում է նաև ընդդիմադիր պատգամավորների հեղինակությունը. վերջիններիցս հանրության սպասումներն իսկապես մեծ են։ Բայց ի՞նչ կարող են անել պատգամավորներն առանց իրենց քաղաքական առաջնորդների հստակ գործողությունների։ Նրանց ֆունկցիան ժամանակ շահելն ու այդ ընթացքում իրավիճակը թեժ պահելն է։ Թեկուզ անձնական հեղինակության վատման միջոցով։ Ահա հենց դրանով են զբաղված ընդդիմադիր պատգամավորները՝ գիտակցեն նրանք դա, թե ոչ։

Հետևաբար ի՞նչ պահանջել խորհրդարանական ընդդիմությունից։ Իրական պահանջները պետք է ուղղել նրանց առաջնորդներին ու ըննդիմադիր ուժերի ղեկավարներին։ Հստակ է, որ հենց նրանք են «թայմաուտ» վերցրել և սպասում որոշակի զարգացումների։ Մինչդեռ Հայաստանն այդ ժամանակը չունի։ Երկիրն ամեն օր է քանդվում և երկիրն ամեն օր է նոր կորուստներ ունենում։

Սոս ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում