Բիզնեսի գինը կամ Խաչատուր Սուքիասյանի ինքնակամ խոստովանությունը

Բիզնեսի գինը կամ Խաչատուր Սուքիասյանի ինքնակամ խոստովանությունը

Ս.թ. հունիսի 8-ին՝ նախընտրական քարոզչության ժամանակ, պատասխանելով կազինոներում միլիոնավոր դոլարներ կրվելու մասին հարցին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 24 ժամ տվեց Նիկոլ Փաշինյանին՝ իշխանական թիմի կողմից մշտապես տարածվող այդ լուրն ապացուցող գոնե մեկ փաստ, մեկ ապացույց ներկայացնելու համար։ «Չներկայացրեց՝ մորթելու եմ», – այն ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ մինչ այդ նախապես նշելով, որ Կառավարությունը հիմա ունի բոլոր հնարավորությունները այդ հերյուրանքները ստուգելու և փաստեր ներկայացնելու համար։

Փաշինյան Նիկոլը, իհարկե, ոչ այդ 24 ժամի, ոչ էլ դրան հետևած օրերի ընթացքում Ս. Սարգսյանի կողմից կազինոներում գումարներ պարտվելու մասին ոչ մի փաստ չբերեց։ Հանրության համար այն ժամանակ ամեն ինչ պարզ էր՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը սուտասան և անպատասխանատու մարդ է։ Իսկ երբ քաղաքացիները խնդրեցին Սերժ Սարգսյանին Փաշինյանին վարկաբեկող փաստեր հրապարակել, նա պատասխանեց, որ Սյունիքում վերջինիս «բ*զի տղա» են ասում և նա չի պատասխանում։ «Դրանից ավել էլ ի՞նչ փաստ», – հռետորական ոճով հարցրեց Սերժ Սարգսյանը։

Այդքանով ՀՀ երրորդ նախագահի՝ կազինոներում իբր թե խաղալու թեման թերևս կարելի էր փակված համարել։ Բայց արի ու տես, որ նախօրեին նույն մերկապարանոց քննադատությունները Սերժ Սարգսյանին ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Վերջինս նաև առիթը բաց չթողեց և սկսեց հիացմունքի խոսքեր արտահայտել իշխանական կուսակցության և ֆրակցիայի հասցեին։ Ակնհայտ երևում էր, որ իշխանական օլիգարխը պարզապես քծնում էր Փաշինյան Նիկոլին։ Ընդ որում, այնքան ինքնամոռաց էր քծնում, որ պահի տակ անգամ մոռացավ տխրահռչակ կազինոների թեմայով Փաշինյան Նիկոլի գլխին եկածը։

Սուքիասյանն ինքնակամ իր վրա վերցրեց սուտասանի և անպատասխանատու մարդու խարանը։ Բայց, դատելով խորհրդարանում տեղի ունեցող զարգացումներից և այնտեղ հնչող հայհոյանքներից, դա այդքան էլ մեծ խնդիր չէ այս գումարման խորհրդարանի իշխանական պատգամավորների համար։ Ի՞նչ է եղել որ՝ միևնույն է մարդիկ իրենց առանց այդ էլ ինչ ասես անվանում են։ Կարևորը բիզնեսներն ու պատգամավորական մանդատն է։ Ահա այս հարցում է, որ ՔՊ պատգամավորները ոչինչ չեն մոռանում։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում