Միթե՞ դժվար է հասկանալ Փաշինյանի՝ գրեթե բաց տեքստով ասված խոսքը

Միթե՞ դժվար է հասկանալ Փաշինյանի՝ գրեթե բաց տեքստով ասված խոսքը

Սյունիքի մարզում տեղի ունեցող խայտառակ զարգացումների հետ կապված Փաշինյան Նիկոլը նախօրեին ԱԺ-ում բաց տեքստով հայտարարեց, որ ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածը, որը դուրս է եղել Խորհրդային Հայաստանի քարտեզից։ Բայց վարչապետի պաշտոն զբաղեցնող կապիտուլյանտը շտապել է հանգստացնել ՀՀ քաղաքացիներին՝ «Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ։ Նորմալ գրունտային ճանապարհ կա»։

Այսօր առավոտյան էլ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ Հայաստանում կա փակ ճանապարհ։ Բայց խոսքը ոչ թե Գորիս-Կապան, այլ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մասին էր։ Ինչպես հասկանում եք, Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիների արգելափակած հատվածն այս իշխանությունները վաղուց արդեն ՀՀ տարածք չեն համարում։ Ավելին՝ մարդիկ բաց տեքստով հայտարարում են այդ մասին։ Միթե՞ դժվար է հասկանալ նրանց ասածը։

Հիմա խնդիրն այլ տեղ է՝ արդյո՞ք համաձայն են ՀՀ քաղաքացիները իշխանությունների՝ թշնամուն հողեր նվիրաբերելու այս քաղաքականության հետ։ Հարցը հռետորական է։ Որովհետև եթե համաձայն չլինեին, նույն Փաշինյան Նիկոլը երեկ նույն ԱԺ-ում չէր հայտարարի, որ երկրի ներսում իրենց իշխանությունը խնդիր չունի։ Ի՞նչն է սխալ ասում կապիտուլյանտը։ Որտե՞ղ է գորիսեցիների, կապանցիների, սյունեցիների և ընդհանրապես ողջ հայ ժողովրդի ընդվզումը։ Չկա։ Ուրեմն թող բավարարվեն «նորմալ գրունտային ճանապարհով» և հուսալ, որ ապագայում նոր գրունտային ճանապարհներ սարքելու անհրաժեշտություն չի լինի։ Դե կամ էլ չհուսալ…

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում