Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է. Վարդևանյան

Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է. Վարդևանյան

Անազատության մեջ գտնվող հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, նա տեղափոխվել է քաղաքական հիվանդանոց:

Panorama.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ Արմեն Չարչյանն ի սկզբանե ուներ առողջական խնդիր, ինչը հայտնի էր թե իրավապահներին, թե վերաքննիչ քրեական դատարանի դատավորին, ով հրաժարվեց արդարադատության իրականացումից:

«Բնական է, որ անազատության մեջ հայտնելու պայմաններում, ցանկացած ողջամիտ մասնագետի հարցնելու դեպքում էլ նույն պատասխանը կստանաք՝ առողջական վիճակի վատթարացումը դառանում է շատ ավելի հավանական ու ռիսկային»,- ասաց Ա. Վարդևանյանը:

Նա նշեց, որ ամիսներ առաջ պարոն Չարչյանը սրտի վիրահատության է ենթարկվել, մի քանի ստենդ է տեղադրվել, նաև շաքարային դիաբետի հետ կապված խնդիրներ ունի, այսինքն՝ առողջական վիճակի վատթարացումն անակնկալ չպետք է լիներ:

«Սա նորություն չէ, ուղղակի ափսոսում եմ, որ իրավապահները որոշել են Արմեն Չարչյանին ոչ միայն զուտ իր քաղաքական հայացքներով պայմանավորված քաղաքական հետապնդման ենթարկել, այլ նաև հետապնդեն նրա առողջությունը»,- ասաց Արամ Վարդևանյանը:

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել է օգոստոսի 23-ին: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում