Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների գործելաոճի տարբերությունը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների գործելաոճի տարբերությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ռուսական կառավարական կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար այսօր բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնությանը։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևայի ռուսական կողմն ընդգծել է, որ դա տեխնիկական սխալ է եղել և համապատասխան քայլեր կձեռնարկվեն այն վերացնելու համար։ Ինչպես նաև, ապագայում նման հարցերին ուշադիր կվերաբերվեն:

Հիշեցնենք, միջադեպն արձանագրվել է նախօրեին՝ ՌԴ Կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը։ Այսօր արդեն պարզ դարձավ, որ ադրբեջանական դիվանագիտությունը շատ արագ է արձագանքել այդ փաստին և այսօր արդեն նրանք իրենց համար դրական արդյունք ունեն։

Երեկ սակայն մեկ այլ միջադեպ էլ է տեղի ունեցել։ Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին հարցին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արցախում պատերազմն արդեն ավարտվել է, ինչը հնարավոր է դարձնում հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերսկսմանը։ Անդրադառնալով այս թեմային՝ երեկ մենք գրել ենք, որ ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Լավրովի այդ հայտարարություններին և ֆիքսել, որ նախ՝ ղարաբաղյան հակամարտությունը դեռևս հագուցալուծված չէ և երկրորդ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որևէ կերպ չի կարելի շաղկապել արցախյան խնդրին։

Ցավոք, ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այդպես էլ մատը մատին չտվեց՝ հայկական շահը պաշտպանելու համար։ Եվ ահա այստեղ է, որ ի հայտ են գալիս Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների գործելաոճի տարբերությունները։ Մի դեպքում անտարբերություն, մյուս դեպքում՝ պետական շահերի հետևողական պաշտպանություն։ Իսկ անտարբեր կողմը, ինչպես տեսանք, ցավոք Հայաստանն է։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում