Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների իրական թիվը. Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների իրական թիվը. Սիրանուշ Սահակյան

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների խախտումներին, Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին նվիրված զեկույցի ներկայացմանն ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: Այս մասին գրում է Panorama.am-ը։

Նա նշեց, որ մինչև հիմա էլ դեռևս իրական, ստուգված տեղեկատվություն չի տրամադրում ռազմագերիների քանակի և անհատականացնող այլ տվյալների առնչությամբ:

«Գերեվարման վերջին երկու դեպքերի վերաբերյալ պաշտոնական հաստատում չկա, ինչը թույլ է տալիս խոսել այն մասին, որ գործ ունենք բռնի անհետացման երևույթի հետ, և այս բռնի անհետացման նպատակը ռազմագերիներին իրավական, օրենքի պաշտպանությունից դուրս պահելն է, որի պայմաններում ցանկացած կամայական վարքագիծ կարող է դրսևորվել նշված անձանց նկատմամբ»,-ասաց իրավապաշտպանը:

Նա նշեց, որ ռազմագերիների թվերի թաքցնելու վերաբերյալ շատ ապացույցներ, տեսանյութեր կան, դատական գործընթացներում Ադրբեջանը մի շարք ապացույցների արժանահավատությունը անգամ չի էլ փորձել վիճարկել, այսինքն, ընդունել է, որ դրանք իրականությանը համապատասխանում են, կապված են կոնֆլիկտի հետ, սակայն մինչ օրս չի կարող պատասխանել, թե տեսանյութում հայտնված անձանց հետ ի՞նչ է պատահել, նրանք դեռևս ողջ պահվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո՞, թե՞ տեղի են ունեցել արտակարգ զարգացումներ, որի մանրամասները ներկայացնելու պարտականությունը ևս ադրբեջանական կողմինն է:

«Այս պահին մեր բոլոր միջազգային գործընկերներն ունեն համոզմունք և ապացույցներ, որ Ադրբեջանի կողմից ռազմագերիների թիվը նվազեցված է և չի արտացոլում իրական պատկերը: Այստեղ վիճելիություն չունենք, մնում է հասկանալ, թե ի՞նչ մեխանիզմներով, մեթոդներով պետք է արձագանքել այս երևույթներին, որոնք պատերազմական հանցագործություն են»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում