Իսկ մենք ինչպե՞ս հետևենք հաշտության պայմանագրի կնքման քննարկումներին

Իսկ մենք ինչպե՞ս հետևենք հաշտության պայմանագրի կնքման քննարկումներին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան «ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում հաշտության պայմանագրի կնքման, ԼՂ կարգավիճակի որոշման խնդրի շուրջ քննարկումներին»:

Թե այդ ինչ քննարկումներ են ընթանում հաշտության պայմանագրի շուրջ հանրությանը ոչինչ հայտնի չէ։ Ինչպես նաև հայտնի չէ, թե ինչ մակարդակում են ընթանում այդ քննարկումները, Հայաստանից և Ադրբեջանից բացի այլ երկրներ ներգրավվա՞ծ են քննարկումներում, թե ոչ, որո՞նք են այդ քննարկումների հետ կապված կողմերի ձգտումներն ու կարմիր գծերը և այլն, և այլն։ Ամեն ինչ արվում է հասարկության մեջքի ետևում՝ խիստ գաղտնի պայմաններում։

Եվ բնական է, որ այս իրավիճակը առաջացնում է շատերի մտահոգությունը։ Ցավոք, ՀՀ իշխանությունների մինչ այս օրվա պահվածքը լավատեսության որևէ հույս չի ներշնչում։ Որովհետև մինչ այս պահը նման «քննարկումների» հետևանքով Հայաստանն ու Արցախը միայն կորուստներ են կրել։ Այն էլ ինչպիսի կորուստներ…

Եվ հիմա հայտնի է դառնում, որ կողմերը պատրաստվում են հաշտության պայմանագիր ստորագրել։ Ի՞նչ պայմաններով, ե՞րբ, ինչի՞ կամ ու՞մ հաշվին։ Սրանք բոլորը հարցեր են, որոնք մինչ այս պահը պատասխան չունեն։ Մինչդեռ Փաշինյան Նիկոլն ամեն պատեհ և անպատեհ առիթներով հայտարարում է՝ ժողովրդից գաղտնի ոչինչ չի արվելու։ Ճիշտ է, վերջին հաշվով նրա ու Ալիևի «քննարկումների» արդյունքները հայտնի են դառնում ժողովրդին, բայց լավ կլիներ, եթե դա լիներ ոչ թե պոստֆակտում՝ փաստի առաջ կանգնեցնելով ամենքին, այլ նախապես։ Որպեսզի ժողովուրդե սեփական երկրի ճակատագիրը տնօրինելու հնարավորություն ունենա և կարողանա դեմ կանգնել իր համար անբարենպաստ որոշումներին։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում