Այսօր օրը բացվեց ու արդեն մի զինվոր չկա…

Այսօր օրը բացվեց ու արդեն մի զինվոր չկա…

Առավոտ լուսո, արեգակն արդար, ուզում եմ բարի լույս մաղթել… սակայն կարդացի Սյունիք-Կապան-Ներքին Հանդ-թուրքի կրակոց-հայ զինվորներ- մեկ վիրավոր – մեկ զոհված

Առավոտ լուսո, արեգակն արդար՝ նստած սպասումով, երբ թրքահպատակ և թրքաբարո ՊՆ-ն ինչ-որ հայտարարություն կանի… Սկզբում երևի կհերքի, հետո թուրքը կգրի ինչպես է հայ գյավուր զինվորներ ոչնչացրել, որից հետո ՊՆ-ն կընդունի, որ այդպես էլ եղել է։ Հերքման փաստը կսվաղվի ԱԺ-ում հնչելիք ՔՊ-ական թրքաբարո մի ուսապարկի ինչ-որ բարբաջանքով…

Հ.Գ. Թուրքը, հենց թուրքը զորքեր է կուտակում բոլոր ուղղություններով…

Հ. Գ. 1. Վիրավոր զինվորի մասին լուրի հետ մեկտեղ զետեղված էր փոքրիկ մի անոնս առ այն, որ Գորիս-Կապան ճանապարհի արդեն այսքան հանգիստ ադրբեջանական դարձած հատվածում թշնամին դեակտիվացնում է բջջային կապն ու ինտերնետը… Ինձնից անկախ, հետ-նոյեմբեր-9յան ինչ-որ սարսափելի սարկազմի իներցիայով մտորում եմ՝ եթե ինտերնետ կապն ու բջջային չկան, իսկ մի հայ վարորդի թշնամին գերի է վերցնում, կկրողանա՞ գերեվարվածը զանգահարել ՀՀ թրքահպատակ ԱԱԾ-ին… Հետո հիշում, որ այդ հեռախոսակապի մասին վաղուց նորություն չկա… Որ նայես՝ հնություն էլ չկա։ Ֆեյք էր համարն էլ, կապն էլ, ԱԱԾ-ն էլ… Ամեն ինչ Հայաստանում այս օրերիս ֆեյք է՝ Թուրքիայի պես ֆեյք։

Միակ ոչ ֆեյքը մոտեցող պատերազմն է, մեր տանջահարվող գերիները, թուրքին հանձնվող Հայաստանն ու քարտեզից աստիճանաբար անհետացող Արցախը…

Հ. Գ. 2. Բարի լույս չարի ճիրաններում գերեվարված Հայոց աշխարհ… Ի՞նչ կա։ Ի՞նչ չկա… Այսօր օրը բացվեց ու արդեն մի զինվոր չկա…

Աննա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում