Թրքասիրության չհորինված տեսարաններ ԱԺ-ում ու Հանրապետության հրապարակում

Թրքասիրության չհորինված տեսարաններ ԱԺ-ում ու Հանրապետության հրապարակում

ԱԺ հերթական քառօրյայի հայտարարությունների ժամին ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը նախօրեին օգտագործեց հարմար առիթը և խոսեց Ադրբեջանում պահվող մեր ռազմագերին պատուհասած դաժան ճակատագրի մասին։ Պատգամավորը մեջբերեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հավաքագրած փաստերը՝ փորձելով խնդիրը հնչեցնել նաև Հայաստանի ամենաբարձր քաղաքական ամբիոնից՝ պառլամենտից։ Եվ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ արձագանքի արժանացավ Աննա Մկրտչյանը։ Աներևակայելի է, բայց ԱԺ նախագահի պաշտոնում թառած Ալեն Սիմոնյանը շտապեց հերքել Ադրբեջանում մեր գերիների խոշտանգումների փաստերը՝ դրանք անվանելով «հորինված տեսարաններ»։

Նկատենք՝ այդ «հորինված տեսարանները» մի քանի օր առաջ հրապարակվել են ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից և այսքան ժամանակ կարգին չեն հերքվել նույնիսկ Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Իսկ Ալեն Սիմոնյանն ահա չվարանեց։ Ադրբեջանական գերության մասին նա ակնհայտորեն այլ պատկերացումներ ունի։ Երևի կարծում է, որ այնտեղ մեր տղաներին պատվում ու փայփայում են, ամեն ինչ անում, որպեսզի հետո նրանք կարոտով հիշեն իրենց գերության օրերը։ Այդպե՞ս։ Չէ, չեմ կարծում, որ Ալեն Սիմոնյանն այդքան միամիտ է։ Նա ընդհանրապես միամիտ չէ։ Պատճառն այլ տեղ է՝ Ալենի թրքասիրությունը։ Այո, այո՝ ամեն ինչից վեր դասված նրա թրքասիրությունը։

Ալենը պարզապես ցնցվում էր՝ լսելով, թե ինչպես են ՀՀ Ազգային ժողովում պատռում իր սիրելի ադրբեջանցիների դիմակները։ Ճիշտ այնպես, ինչպես անընդհատ վատանում է, երբ իր ղեկավարին՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտին, դավաճան ու սրիկա են անվանում։ Մարդը խոցված էր մինչև հոգու խորհքը և չդիմացավ ու բացականչեց՝ «հորինված տեսարաններ»…

Գիտե՞ք, նախօրեին, երբ հետևում էի այս միջադեպի մասին սոցիալական ցանցերում ծավալված քննարկումներին, նկատեցի, որ մարդիկ այլևս չեն էլ զարմանում ՀՀ բարձր ղեկավարության նման պահվածքից։ Այո, վրդովվում են, ջղայնանում, անիծում… բայց չեն զարմանում։ Նրանք գիտեն, որ ՀՀ-ում թրքասեր իշխանություն է գործում, որը չի էլ թաքցնում իր ձգտումներն ու երազանքները։ Նրանք չեն կարող ապրել առանց թուրքերի։ Չե՞ք հավատում՝ գնացեք այսօր Հանրապետության Հրապարակ և տեսեք, թե ինչպես են թուրքական պետհամարանիշներով բեռնատարները մատակարարում Նիկոլի ասած՝ «զինվորների հիշատակին նվիրված գունագեղ համերգի» համար անհրաժեշտ տեխնիկան։ Գնացեք և ամեն ինչ ձեր աչքով կտեսնեք։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում