44-օրյա պատերազմ. Նախադրյալներ, ընթացք, հետևանքներ

44-օրյա պատերազմ. Նախադրյալներ, ընթացք, հետևանքներ

Սեպտեմբերի 27-ին կլրանա 44-օրյա պատերազմի մեկնարկի առաջին տարելիցը։ Անցած մեկ տարվա ընթացքում հանրային հարթակներում բազում գնահատականներ են տրվել Հայաստանի և Արցախի համար ողբերգական հետևանքներով ավարված այդ պատերազմին, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին, միջազգային հանրության վարքագծին և այլն։ Այդ գնահատականների մի մասը, իսկապես, շատ ուշագրավ և արժեքավոր էր։ Դրանց հեղինակները փորձում էին հասկանալ, թե որ գործոններն են դարձել ադրբեջանա-արցախյան պատերազմի վերսկսման պատճառ, ինչ սխալներ է թույլ տվել հայկական կողմը, մեր կրած կորուստներից որոնք էին անդառնալի և որոնք՝ ոչ, ինչ է կարելի անել ստեղծված իրավիճակում և այլն, և այլն։ Բայց, կարծում ենք, ճշմարտության դեմ շատ մեղանչած չենք լինի, եթե ասենք, որ հանրային դիսկուրսում պատերազմին վերաբերող թեզերն այս ընթացքում զուրկ չեն եղել նաև սուբյեկտիվությունից, իսկ հաճախ նաև՝ սպեկուլատիվ, շահադիտական հատկություններից։

Այն փաստը, որ պատերազմի ողբերգական հետևանքները պետք է դառնային ՀՀ իշխանությունների հրաժարականի պահանջի ավելի քան հիմնավոր պատճառ, մեր խորին համոզմամբ շատ օբյեկտիվ և հասկանալի է։ Բայց մենք նույնքան համոզված ենք նաև, որ անթույլատրելի սխալ է 44-օրյա պետերազմի դասերը պրոեկտել բացառապես ներքաղաքական փոփոխությունների՝ թեկուզ և շատ անհրաժեշտ օրակարգը սպասարկելու համար։ Ոչ։ Հայ քաղաքական միտքը պարտավոր է շատ հստակ պատասխանել պատերազմի նախադրյալներին, ընթացքին ու հետևանքներին վերաբերող անխտիր բոլոր հարցերին։ Դա մեր անվտանգության, կորսվածը վերականգնելու, պետականաշինության գործընթացը ճիշտ կազմակերպելու, հանրային համերաշխությունը վերականգնելու և ընդհանրապես՝ ժողովրդի արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքն ապահովելու անհրաժեշտ քայլ է, որը վաղ թե ուշ պետք է անպայման արվի։

Ելնելով այս ամենի գիտակցումից՝ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը նախաձեռնում է «44-օրյա պատերազմ. Նախադրյալներ, ընթացք, հետևանքներ» թեմայով հետազոտության իրականացում, որի շրջանակներում տարածաշրջանային անվտանգության, աշխարհաքաղաքականության, ռազմական գործի, թուրքագիտության, ադրբեջանագիտության և այլ մասնագետների ներգրավվածությամբ կանցկացվեն քննարկումներ, կոնֆերանսներ, հոդվածների, զեկույցների և գրքի հրապարակում։
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը նախատեսում է հետազոտական այս ծրագրի աշխատանքներին ներգրավել ոլորտի առաջատար մասնագետներին՝ փորձագետների, միջազգային գործընկերների և այլն։ Կազմակերպչական աշխատանքներն արդեն մեկնարկել են։

❗️ Ընթերցողների մասնակցությունը ծրագրին

Հարգելի հետևորդներ, ներկայացվող ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի աջակիցների և, հուսով ենք, նաև ընթերցողների լայն շրջանակի կողմից։

– Հետազոտական աշխատանքի նյութերի մի մասը, ինչպես նաև մեր կազմակերպած քննարկումներն ու կոնֆերանսները, կհրապարակվեն և կլուսաբանվեն զանգվածային լրատվության միջոցներով։ Սակայն լինելու է նաև վճարովի բովանդակություն, որը հասանելի կլինի միայն մեր բաժանորդներին ու հովանավորներին։

– «Ոկանապատ» ՎԿ-ին կարող եք բաժանորդագրվել այստեղ՝ https://www.patreon.com/voskanapat

– Բաժանորդագրության մինիմալ գինը ամսական 5 USD-ին համարժեք ՀՀ դրամ է։ Սակայն նույն համակարգի միջոցով կարող եք ավելի մեծ ֆինանսական աջակցություն ցուցաբերել «Ոսկանապատ» ՎԿ-ին։ Հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է հոնորարների, կազմակերպչական և տպագրական ծախսերի կազմակերպմանը։

Հարգանքով` «Ոսկանապատ» վերլուծական կենտրոն

Հետևեք մեզ նաև Telegram-ում