Հայկական կողմը որևէ միջազգային հարթակում չի բարձրացրել հայկական տարածքների դեօկուպացիայի խնդիրը. Մամիջանյան

Հայկական կողմը որևէ միջազգային հարթակում չի բարձրացրել հայկական տարածքների դեօկուպացիայի խնդիրը. Մամիջանյան

«Երբ տևական ժամանակ թշնամի երկրից եկող ազդակներին՝ ոչ «դրական» ազդակներին, քանի որ գործող իշխանական խունտան թշնամու միայն «դրական» ազդակներն է ուզում տեսնել, տարբեր մակարդակներով հայտարարություններին, որոնք պարունակում են լկտի լեքսիկա մեր երկրի նկատմամբ, դրանց զրո արձագանք է լինում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, ԱԳՆ-ի, գոնե խորհրդարանի պատգամավորների մակարդակով, և Ալիևին պատասխանում ենք ընդդիմադիրներս, վերջնարդյունքը լինում են նմանօրինակ ելույթները ՄԱԿ-ում»,- Աժ-ում ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանին Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։

Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, Հայկ Մամիջանյանը նշել է, որ թշնամի երկրի ղեկավարի հնչեցրած մտքերը ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի համար։

«Օրինակ՝ «Արցախի հարցը փակված է» մոտեցումը, որին, դեռևս մի փոքր հույս ունեմ, որ Փաշինյանն այսօրվա ելույթում կանդրադառնա։ Եթե ՄԱԿ-ում Փաշինյանի այսօրվա ելույթն ունենա նույն պարտվողական, կեղծ խաղաղասիրական բովանդակությունը, չունենա ազգային արժանապատվության հստակ առանցք, ապա մենք կարող ենք վերջնականապես փաստել, որ այս իշխանական խունտան ամեն ինչ անելու է, որպեսզի մեր երկիրը կործանվի», – ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հ. Մամիջանյանը նշեց, որ հայկական կողմը որևէ միջազգային հարթակում չի բարձրացրել հայկական տարածքների դեօկուպացիայի խնդիրը՝ Շուշիից մինչև Հադրութ։

«ՔՊ-ն վախվորած խոսում է այնքան, ինչքան իրեն ինչ որ տեղից կարելի է»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։

Նրա խոսքով, երբ Ալիևը տեսնում է, որ հայկական կողմը պահանջներ չի ներկայացում դեօկուպացիայի վերաբերյալ, պարզ է, որ պետք է ավելի լկտիանա ու ավելի շատ բանից խոսի։

Հ. Մամիջանյանն ասաց, որ Արցախի կարգավիճակի մասին հայկական կողմը պետք է անդադար խոսի։ Նա հայտնեց, որ մոտ ապագայում «Պատիվ ունեմ» խմբակցութունը նախաձեռնելու է որոշակի գործընթացներ բարձրացնելու համար բանակցային գործընթացի շուրջ հաշվետվողականությունը խորհրդարանի առաջ։

««Պատիվ ունեմ» խմբակցությունը կանի ամեն ինչ, որպեսզի հայկական կողմի անունից բանակցող անձինք պարբերաբար ստիպված լինեն հաշվետվություն ներկայացնել խորհրդարանին, այսինքն՝ ժողովրդին»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Հարցին՝ Էրդողանն ու Նիկոլ Փաշինյանը միմյանց ի՞նչ դրական ազդակներ են փոխանակում, արդյո՞ք այդ ազդակները կարող են հայանպաստ լինեն, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Չեն կարող։ Թուրքական կողմի նախապայմանները պատերազմից ի վեր խիստ ագրեսիվ են։ Հիմա եթե իրենք երկուստեք դրական ազդակներ են տեսնում, ապա իրավունք ունեն կասկածելու, որ հայկական կողմից ներկայացնող Փաշինյանը համաձայնվել է այդ հայտարարություններից կամ նախապայմաններից որոնցին։

Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չի արտահայտում Հայաստանի քաղաքացիների մեծամասնության կարծիքը»։

Նա նշեց, որ բոլոր գործիքները պետք է օգտագործվեն սրանց իշխանությունից հեռացնելու համար, փողոցային պայքար գործիքը որևէ վայրկյան չի հեռացել իրենց գործիքակազմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում