Ինչու՞ են հայկական լրատվամիջոցներն այդքան շատ լուսաբանում Ալիևին

Ինչու՞ են հայկական լրատվամիջոցներն այդքան շատ լուսաբանում Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամեն խոսք շատ արագ դառնում է հայկական լրատվամիջոցների առաջին էջերի նյութ։ Կարևոր չէ որտեղ և ինչ է ասում Ալիևը՝ մի քանի ժամ անց հայ ընթերցողը կտեսնի նրա պատկերն ու մեզ ուղղված սպառնալիքները հայկական մամուլի լրահոսում և կդառնա թշնամու պետության քարոզչամեքենայի գեներացրած նյութի սպառող։ Այս հարցում, կարծես թե, որևէ ֆիլտր այլևս չկա՝ բացառությամբ որոշ կայքերի կամ թերթերի, որոնք առավելագույնը չակերտների մեջ են վերցնում Ադրբեջանի ղեկավարի կողմից հնչեցրած այն արտահայտությունները, որոնք ակնհայտորեն վիրավորական են կամ չեն բխում հայկական շահից։

Ինչու՞ է ասյպես ստացվել։ Այս խնդիրը, իհարկե, ունի որոշակի օբյեկտիվ հիմնավորումներ։ Օրինակ այն, որ Ալիևը ղարաբաղյան հակամարտության կարևոր գործող անձանցից մեկն է և նրա գնահատականներն ու մոտեցումները կարող են վճռական նշանակություն ունենալ թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի համար։ Երկրորդ կարևոր պատճառն էլ թերևս այն է, որ հայկական կողմն է շատ քիչ խոսում Արցախի հետագա ճակատագրի և այդ հարցում մեր քաղաքականության մասին։ Բայց նույնիսկ հաշվի առնելով այս հանգամանքները, միևնույն է չի կարելի վերցնել ու Ալիևի ասած ամեն ցնդաբանություն բերել ու հայ լսարանին հրամցնել։ Դա անթույլատրելի է։

Ես, իհարկե հասկանում եմ, որ քանի դեռ Հայաստանում իշխում է Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, հիշատակված խնդիրը կարող է ծով խնդիրների մեջ կաթիլ թվալ միայն։ Բայց ՀՀ արժանապատվության վերականգնման գործը այլևս չի կարելի հետաձգել։ Սկզբի համար, օրինակ, կարելի է փակել Ալիևի բերանը։ Իսկ եթե ամեն դեպքում նրան անդրադառնալու խնդիր կա, ապա անել դա համապատասխան մեկնաբանություններով և ստեղծված իրավիճակը ճիշտ ներկայացնելով։ Ամեն դեպքում պետք է հիշել, որ տեղեկատվական դաշտը հայ-ադրբեջանական պատերազմի կարևոր ասպարեզ է, որտեղ թշնամու հաղթանակն անպայման մի օր տեղափոխվելու է նաև քաղաքական, իսկ հետո նաև ռազմական դաշտ։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում