«Առերեսման երանգ ունեցող հայտարարությունները չեն նպաստում տարաձայնությունների հաղթահարմանը». ՌԴ ԱԳՆ

«Առերեսման երանգ ունեցող հայտարարությունները չեն նպաստում տարաձայնությունների հաղթահարմանը». ՌԴ ԱԳՆ

«Ակնհայտ է, որ առերեսման երանգ ունեցող հայտարարությունները չեն նպաստում առկա տարաձայնությունների հաղթահարմանը: Փոխարենը չափազանց կարևոր է հնարավորություն ստեղծել փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» պրտադիր բացման մասին:

Tert.am-ը տեղեկացնում է, որ վերջինս հավելել է, որ և՛ Բաքվից, և՛ Երևանից բարձրագույն մակարդակով հայտարարվել է «հարաբերություններում նոր էջ բացելու, դրանց աստիճանական կարգավորման պատրաստակամության մասին»: «Մեր աշխատանքում կենտրոնանում ենք այդպիսի դրական կետերի վրա»,- ընդգծել է Զայցևը:

«Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի ձևաչափով շարունակում է աշխատել: Մեր կողմից ողջունում ենք Բաքվի և Երևանի դրական տրամադրվածությունը փոխընդունելի, փաթեթային պայմանավորվածությունների հասնելու հարցում, ինչը հեռանկարում թույլ կտա համատեղ աշխատանքը տեղափոխել գործընկերային համագործակցության հարթություն»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին՝ վերջինս նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցելությունները տարածաշրջան բարենպաստ պայմաններ կստեղծեն նման հանդիպման կազմակերպման համար, ինչը լուրջ նախապատրաստական աշխատանքներ է նախատեսում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում