Շուշիի մասին ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Շուշիի մասին ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Պատերազմից հետո Շուշիում չվնասված շինություն չի եղել՝ ո՛չ բնակելի շենքեր, ո՛չ հասարակական բնույթի շինություններ։ Յուրաքանչյուր մարդ, ով եղել է Շուշիում, ով գնացել է Շուշի, տեսել է թանգարաններ, վարչական շենքեր, հյուրանոցներ, դեպի Ղազանչեցոց գնալուց` տեխնոլոգիական, գյուղատնտեսական համալսարանը, Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական դպրոցը, բազմաբնակարան շենքեր, Կենտրոնական բանկի մասնաճյուղը, մանկապարտեզներ, մշակույթի պալատ, սպայական շենքեր և այլն։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Պաշտոնական տվյալներով Շուշիում ապրել է 4000 մարդ։ Ուզում եմ հարցս ուղղել Նիկոլ Փաշինյանին` արդյոք պատերազմից (Առաջին Արցախյան) հետո եղել է Շուշիում և եթե շրջել է Շուշիում, արդյոք չէր արձանագրել, այդ բոլոր շինությունները, որոնց մի մասը նկարագրեցի»,-ասաց նա։

Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց․«Ես խոսում էի բնակելի տներից և ընդհանրապես այս ամբիոնի ես խոսել եմ նաև այն տարածքների մասին, որոնց վերաբերյալ այս դահլիճում, այդ թվում ձեր խմբակցությունը բարձրաձայնել է հարցեր։ Այն ինչը տեսնելու էր, ես տեսել եմ բնականաբար և այն ինչ ասել եմ, այդ ամենը կասկածի տակ դնել չի կարող։ Ինչ վերաբերում է Լիտվայում իմ արած հայտարարություններին, այն հրապարակվել է և որևէ ավելացնելու բան չունեմ»։

Արձագանքելով Փաշինյանին՝ Աբրահամյանը ընդգծեց. «Եթե դուք տեսել եք իմ նկարագրածի գոնե կեսը, այս տեսանկյունից շատ տարօրինակ է ստացվում Ձեր հարցուպատասխանը Լիտվայում, որովհետև այնտեղ Դուք ներկայացնում էիք իրավիճակը այլ կերպ, որ Շուշիում ոչ մի ներդրում չի եղել, բնակելի շենքեր չեն եղել, որ դա նախապատրաստված է եղել հանձնման համար։ Այս դահլիճում ուղղակի կամ անուղղակի կերպով Դուք ներկայացնում եք , որ իրավիճակը այնպիսին է եղել, ինչպես ես էի ներկայացնում։ Ձեր հնչեցրած հայտարարությոընները որևէ կոնտեքստում ոչ հասկանալի են, ոչ էլ ընկալելի»։

Անդրադառնալով Տիգրան Աբրահամյանի դիտարկմանը՝ Փաշինյանն ասաց. «Ես անդրադարձել եմ բնակելի շինություններին և շարունակում եմ նույն հայտարարությանը անել, ի՞նչ կա ոչ հասկանալի։ Ձեր նշած ցանկը կարող է մի էջի վրա չտեղավորվել, ի՞նչ ծավալ է դա։ Իսկ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում և ինչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում։ Այդ ներդրումները համեմատության եզր ունե՞ն, ի՞նչ եք հետապնդում այդ հարցերով։ Ձեզ թվում է միայն դո՞ւք եք եղել Շուշիում։ Տպավորություն ունեմ, որ զուգահեռ իրականության մեջ ենք ապրում։ Այն, ինչը հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել, դրա մասին ես Արմավիրի, Արարատի, Տավուշի մարզերում էլ եմ հայտարարել»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում