Իրանի ԱԳ նախարարը Մոսկվա է բերել «3+3» ձևաչափով տարածաշրջանային բանակցությունների համաձայնությունը. РБК

Իրանի ԱԳ նախարարը Մոսկվա է բերել «3+3» ձևաչափով տարածաշրջանային բանակցությունների համաձայնությունը. РБК

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ Մոսկվայում, տևել է երկու ժամից մի փոքր ավելի: Նախարարները զրուցել են ինչպես դեմառդեմ, այնպես էլ պատվիրակությունների մասնակցությամբ, հղվելով РБК-ին գրում է Tert.am-ը:

Լավրովն ասել է, որ բանակցություններում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Հարավային Կովկասի խնդիրները «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա) քննարկելու նպատակով նոր հարթակ ստեղծելու գաղափարը: Նախարարի խոսքով ՝ իրանական կողմը դրական է արձագանքել այս նախաձեռնությանը, ինչպես և Ադրբեջանն ու Թուրքիան:

Նոր հարթակ ստեղծելու գաղափարով հանդես է եկել Անկարան՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից անմիջապես հետո: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ այս նախաձեռնության մասին հայտարարել է անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին Բաքու կատարած այցի ժամանակ՝ այն անվանելով «վեցյակի հարթակ»: Ներկայում հարթակի գործարկման շուրջ ակտիվորեն բանակցում է Մոսկվան:

«Հասկանալի էր, որ եթե Անկարան և Բաքուն լինեին նախաձեռնողները, ապա Հայաստանը չէր կարողանա մասնակցել: Հետևաբար, ջենթլմենական ձևով նրանք հարթակը գործարկելու իրավունք տվեցին Ռուսաստանին և Իրանին», – РБК-ի հետ զրույցում ասել է ռուսական դիվանագիտական աղբյուրը: Այս ձևաչափով, եթե այն աշխատի, կքննարկվի ընդհանուր տարածաշրջանային օրակարգը, և ոչ միայն ռազմական և սառեցված հակամարտությունների կարգավորումը: Եվ դա նրա տարբերությունն է արդեն գոյություն ունեցող հարթակներից, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից, որը կենտրոնացած է միայն ԼՂ հակամարտության կարգավորման վրա:

Սակայն Ռուսաստանի և Վրաստանի միջև հակասությունների պատճառով, եթե ինչ-որ բան ստացվի, դա շուտ չի լինի, ենթադրում է РБК-ի աղբյուրը: Հինգ երկրները կարող են գործել՝ Թբիլիսիի համար դուռը բաց թողնելով, նշել է ռուսական դիվանագիտական աղբյուրը:

«Ամենաիրատեսականն այժմ այն է, որ խոսենք «3+2» ձևաչափի գործարկման մասին` ենթադրելով, որ ապագայում մասնակցությունը Վրաստանի համար փակ չի լինի: Եթե Թբիլիսին ցանկանա, նախաձեռնության բոլոր մասնակիցները պատրաստ կլինեն», – պարզաբանել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում