Մի շարք գործիչների մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության յուրացման փորձի հատկանիշներով

Մի շարք գործիչների մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության յուրացման փորձի հատկանիշներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, Times․am: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի առիթով հարուցված քրեական գործով շուրջ 10 ամիս նախաքննություն իրականացնելուց հետո ՔԿ քննիչը որոշել է Արագած Ախոյանին, Վահագն Չախալյանին և մյուսներին մեղադրել նաև իշխանության բռնազավթման փորձի մեջ, «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Միքայել Շխիմյանը։

Հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացված ակցիան իրավապահները ի սկզբանե դիտարկել էին որպես կառավարության շենքը զավթելուն ուղղված գործողություններ, ինչի շրջանակներում 21 անձ բերման էր ենթարկվել, որոնցից 5-ը՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը, ձերբակալվել էին, ինչը ոչ իրավաչափ էր համարվել դատարանների կողմից։

Այդուհանդերձ, նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան, ինչը մերժվել էր՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Արդեն տևական ժամանակ է, ինչ քրեական գործով որևէ մեղադրյալի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել։ Ավելին, այս ընթացքում մեղադրյալներին թույլատրել են մեկնել արտերկիր և վերադառնալ։ Անգամ մտայնություն կար, որ նախաքննական մարմինը գիտակցել է մեղադրանքի անհեթեթությունն ու առաջիկայում գործը կկարճվի, մինչդեռ այսօր նախաքննության ավարտական փուլում վարույթն իրականացնող մարմինը հրավիրել է պաշտպանության կողմին և որոշել փոփոխել մեղադրանքը՝ ծանրացնելով այն։

Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-300-րդ հոդվածով՝ իշխանության յուրացման փորձի հատկանիշներով, ինչի համար որպես պատիժ է նշանակվում ազատազրկումը՝ 10-15 տարի ժամկետով։

Փաստաբանը տեղեկացրել է, որ մեղադրանքը լրացնելու համար քննչական մարմինը որևէ նոր ապացույց ձեռք չի բերել, այլ հիմք է ընդունել տարբեր հայտարարություններ, որոնք, ըստ նրա, կոնտեքստից կտրված են եղել։

Փաստաբանը հայտնել է նաև, որ իր պաշտպանյալները մեղադրանքը չեն ընդունում, այն որակում են շինծու։ Քրեական գործով առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում