Աղվան Հովսեփյանի պաշտպանները փողերի լվացման դրվագով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել

Աղվան Հովսեփյանի պաշտպանները փողերի լվացման դրվագով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ փողերի լվացման դրվագով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համաձայն՝ Աղվան Հովսեփյանին ՀՔԾ-ի կողմից վերագրվող արարքում բացակայում է փողերի լվացման հանցակազմը։ Մասնավորապես՝ եթե անգամ դրամական միջոցը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, ապա դրա լոկ փոխանցումը այս կամ այն հաշվեհամարին դեռ փողերի լվացում չէ, Վճռաբեկ դատարանն այդ հանցակազմը կապել է դրա փոխանցման արդյունքում արհեստական՝ փաստացի գոյություն չունեցող գործարքի ձևակերպման միջոցով այդ գումարը օրինական շրջանառության մեջ դնելու հետ, քանզի միայն նման եղանակով հնարավոր կլինի հանցավոր ճանապարհով ստացված միջոցների իրական աղբյուրը քողարկել, թաքցնել կամ էլ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներին հաղորդել օրինական տեսք։

Հակառակ մեկնաբանության արդյունքում կարող է ստեղծվել ոչ իրավաչափ այնպիսի իրավիճակ, երբ հանցավորը հանցագործության արդյունքում գոյացած դրամական միջոցն ուղղակի, առանց որևէ արհեստական գործարքի ձևակերպման, փոխանցի այս կամ այն հաշվեհամարին՝ հետագայում դրանից պարզապես օգտվելու համար կամ էլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված այլ գույքը սեփականության իրավունքով գրանցի իր կամ այլ անձի անունով և արդյունքում դրա համար ենթարկվի քրեական պատասխանատվության նաև փողերի լվացման հանցակազմով, ինչը որևէ կերպ չի բխում վկայակոչված նախադեպային իրավունքից, քանզի ակնհայտ է, որ նկարագրված պայմաններում անձի դիտավորությունն ուղղված է ոչ թե այդ գույքը օրինական շրջանառության մեջ դնելուն, այլ պարզապես օգտվելուն»,- գրել է կայքը։

Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի դիտարկմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը Հովսեփյանին երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք առաջադրելիս որևէ կերպ չի պատճառաբանել արարքի քրեաիրավական որակումը։ Ընդ որում, եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ Աղվան Հովսեփյանին վերագրվող անօրինական եկամուտ ստանալու համար առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքները հավաստի են, ապա անգամ նման պայմաններում փողերի լվացման մասին խոսք գնալ չի կարող։ Մասնավորապես, համաձայն մեղսագրվող ենթադրյալ փողերի լվացման առաջին դրվագի, Աղվան Հովսեփյանը ենթադրյալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու արդյունքում ստացել է 309.404.414 ՀՀ դրամի եկամուտ, որով 2009-2015թթ ընկած ժամանակահատվածում Բյուրականում կառուցել է առանձնատուն, որը հետագայում հաշվառել է նախ նրա որդու, ապա՝ կնոջ անվամբ, մինչդեռ փողերի լվացման հանցակազմի բուն էությունը հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական ծագումը թաքցնելն ու խեղաթյուրելն է։ Տվյալ պարագայում, եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ դրամական միջոցները գոյացել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, որևէ կերպ չի թաքցվել դրամական միջոցների ծագման աղբյուրն ու պատկանելիությունը, քանի որ փաստական հանգամանքներից, միևնույն է, ակնհայտ է, որ առանձնատունը կառուցվել է հենց ենթադրյալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում գոյացած գումարի միջոցով։

Ենթադրյալ փողերի լվացման երկրորդ դրվագը վերաբերում է «Շանթի Յուրայի»՝ Վարշամ Ղարիբյանի կողմից որպես կաշառք 190.000.000 ՀՀ դրամ արժեքով «Երևան Հեռուստաընկերություն» ՓԲԸ 50 բաժնետոմսը հանձնելուն և դրա վաճառքից առաջացած դրամական միջոցներին, իսկ երրորդ դրվագը՝ ենթադրյալ խարդախության արդյունքում ձեռք բերված հողատարածքը Հովսեփյանի որդու կողմից գրավադրելուն։

Պաշտպանական կողմը գտնում է, որ նշված դրվագներում փողերի լվացման հանցակազմի մասին խոսք չի կարող գնալ, քանի որ հայտնի է գույքի, դրամական միջոցների ծագման աղբյուրը, ուստի պաշտպանները միջնորդել են Աղվան Հովսեփյանի նկատմամբ 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերացնել և այդ մասով նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում