Ըստ Փաշինյանի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին տնօրենը փախել է Անտարկտիդա

Ըստ Փաշինյանի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին տնօրենը փախել է Անտարկտիդա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: Հայաստանում հետախուզման մեջ գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, գտնվում է Անտարկտիդայում։ Այս մասին գրում է Փաստինֆո-ն։

Հիշեցնենք՝ սույն թվականի սեպտեմբերին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորներին, Փաշինյանը հայտարարել էր. « Դուք ի՞նչ կապ ունեք ընդհանրապես Սյունիքի ժողովրդի հետ, որ ուզում էիք ներկայանալ որպես Սյունիքի Դոն Կոռլեոնեներ։ Հիմա մեկը փախել է Անտարկտիդա, ինչու Անտարկտիդա, որովհետև այնտեղ Ինտերպոլի գրասենյակ չկա»։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը «Մեկը փախել է Անտարկտիդա» հայտարարությունն անելիս նկատի է ունեցել ԶՊՄԿ նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովին:

Տեղեկությունները ճշտելու համար աղբյուրը դիմել էր վարչապետի մամուլի խոսնակին՝ հստակեցնելու համար՝ թե ըստ Փաշինյանի՝ «ո՞վ է փախել Անտարկտիդա», եւ արդյոք ճիշտ է, որ խոսքը գնում է Պոլոսկովի մասին, սակայն հարցմանը կառավարությունն այդպես էլ չպատասխանեց։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը ՊԵԿ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ տարածքում, այսինքն` նա միջազգային հետախուզման մեջ չէ եւ Հայաստանից դուրս կարող է ազատ տեղաշարժվել։ «Փաստինֆո»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Պոլոսկովն իրականում ոչ թե Անտարկտիդայում է, այլ Սուդանում, որտեղ զբաղվում է հանքարդյունաբերությամբ, իսկ Փաշինյանը կամ Սուդանը շփոթել է Անտարկտիդայի հետ, կամ նրան սխալ են զեկուցել, ինչպես նա նախընտրում է արդարանալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում