«Կան աշխատություններ՝ չեն հնանում․ այս աշխատությունը գիտելիքի մասին է, որը մեզ պակասում է»․ կայացավ Լևոն Մելիք-Շահնազարյանի «Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը» գրքի շնորհանդեսը

«Կան աշխատություններ՝ չեն հնանում․ այս աշխատությունը գիտելիքի մասին է, որը մեզ պակասում է»․ կայացավ Լևոն Մելիք-Շահնազարյանի «Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը» գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: Հասարակական գործիչ, քաղաքագետ, Արցախյան շարժման գործիչ, ԼՂԻՄ ինքնապաշտպանության շտաբի անդամ, «Միացում» կազմակերպության նախագահի տեղակալ, 1992-1995 թվականներին ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լևոն Մելիք-Շահնազարյանի գիտական-վերլուծական աշխատություններից մեկը՝ «Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը», լույս տեսավ նրա մահվանից մի քանի տարի անց։ Այսօր կայացավ գրքի շնորհանդեսը։ Այս մասին գրում է Aysor.am-ը։

Գրքում Լևոն Մելիք-Շահնազարյանը վերլուծել ու ներկայացրել է այն աշխարհաքաղաքական իրողություններն ու իրականությունը, որը կար Հայաստանի շուրջ 1990-ականների և 2000-ականների սկզբին, ուսումնասիրել է աշխարհաքաղաքական տարբեր գործընթացների ազդեցությունը Հայաստանում այդ ծանրագույն ժամանակաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա, տվել է նաև գնահատականներ ու եզրահանգումներ, որոնք ակտուալ են նաև այսօր։

Գրքի շնորհանդեսին Լևոն Մելիք-Շահնազարյանի որդին՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, որի նախաձեռնությամբ էլ աշխատությունը լույս է տեսել, ասաց, որ աշխատությունը տպագրվել է սկզբնական տեսքով՝ առանց որևէ միջամտության ու խմբագրման։

« «Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը» գիրքը հասցեագրված է նրանց, ովքեր հասկանում են այն ժամանակվա իրողությունները։ Որքան էլ տարածված են հորս աշխատությունները, որքան էլ կարևոր նշանակություն ունեն մեր պետության անվտանգության, տեղեկատվական անվտանգության, պատմական եղելությունները գնահատելու տեսակետից, այնուամենայնիվ, այս գիրքը նրա ամենահիմնարար աշխատանքն է, երկար ու գիտական լուրջ հետազոտություն է՝ մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունների, մեր ժողովրդի քաղաքակրթական հիմքերի վերաբերյալ։ Նա մեր հարևան պետությունների ուժեղ և թույլ կողմերի գիտական ուսումնասիրություն է իրականացրել, ձևավորել է մոտեցում, որը մեծ արժեք ունի Հայաստանի քաղաքական, ազգային նպատակները ձևավորելու տեսակետից։ Այսինքն, մեթոդոլոգիական մոտեցում է ձևավորել», – ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

 Ինչպես նշեցին շնորհանդեսին ներկա փորձագետներն ու գործիչները՝ Լևոն Մելիք-Շահնազարյանը, որն այն եզակի մարդկանցից ու գործիչներից էր, որ խորությամբ տիրապետում էր նեղ թեմատիկ ուղղությունների, շատ կարևոր քայլ է արել՝ դրանց նաև գրավոր տեսք տալով, դարձնելով աշխատություններ։ Այսպիսի աշխատությունները, ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի, կարող են նաև որպես դասագիրք ծառայել։

«Սա նաև, առաջին հերթին, դասագիրք է տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողների համար, շատ կարևոր է նաև այսօրվա քաղաքական գործիչների համար, իսկ դաշտում շատ քչերն են, որոնք այս աշխատությունում ներկայացված իրողությունները հաշվի են առնում։

Հաջորդ՝ ցանկացած նորմալ իշխանություն, որն իր առջև նպատակ կդնի վերականգնել երկիրն ու Արցախի հարցը դնել նորմալ ռելսերի վրա, նրա համար առաջնահերթ կարող է լինել այն բազան, այն գործիքները, որոնք այս աշխատության մեջ ներկայացրել է Մելիք-Շահնազարյանը», – ասաց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ հեղինակի կողմից արված վերլուծությունն արդիական է նաև այսօրվա համար։

«Կան աշխատություններ, որոնք ոչ մի կերպ չեն հնանում։ Նման աշխատությունները չեն հնանում մի շատ պարզ տրամաբանությամբ․ ինչպես Լևոն Մելիք-Շահնազարյանն է նշում իր աշխատության մեջ, քաղաքակրթական գործոնները հարատև, երկարատև գործոններ են և փոփոխվում են շատ երկարատև ժամանակաընթացքում», – աշխատության վերաբերյալ իր կարծիքը ներկայացրեց նաև փորձագետ, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

Լևոն Մելիք-Շահնազարյանի գիրքը, նրա խոսքով, այն մասին է, թե ինչ տեղ ունի Հայաստանը աշխարհում և տարածաշրջանում։

«Ինչի՞ մասին է այս աշխատությունը․ եթե շատ կարճ ասենք՝ գիտելիքի։ Գիտելիքի, որը մեզ պակասում է։ Այս աշխատությունն այն մասին է, թե ինչպիսին ենք մենք մշակութապես, քաղաքականապես, քաղաքակրթապես, ինչպիսին են մեր հարևանները մշակութապես, քաղաքականապես, քաղաքակրթականապես, ինչ շահեր ունեն մեր հարևանները, ինչ շահեր ունենք մենք, ինչպես կարող ենք համագործակցել, ինչպես չենք կարող համագործակցել, որտեղ է մեր շահերի կարմիր գիծը։ Գիտելիք է դրա մասին և շատ կարևոր գիտելիք է, որը կարող է վերածվել մեր պետության արտաքին քաղաքականության գաղափարախոսության գոնե կմախքի», – ասաց Միհրան Հակոբյանը։

Լևոն Մելիք-Շահնազարյանի «Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը» գիրքը հրատարակել է «Հայրապետ» հրատարակչությունը, այն արդեն հասանելի է լայն ընթերցողի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում