Ոչ թե իրանք եկել տարել են ոչխարները, այլ ոչխարներն են անցել սահմանը. մանրամասներ Կոռնիձորից

Ոչ թե իրանք եկել տարել են ոչխարները, այլ ոչխարներն են անցել սահմանը. մանրամասներ Կոռնիձորից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում ադրբեջանցի 2 զինծառայողների կողմից գողացված 107 ոչխարն ու 5 այծը մեկ բնակչի սեփականություն էին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տեղի նորանշանակ համայնքապետի օգնական Արամ Միրզոյանը:

«Մենք դեպքի մասին տեղեկացվել ենք, մեկնել ենք դեպքի վայր, բոլոր միջոցառումները արվել են, որոնք ի պաշտոնե, նաեւ ոչ ի պաշտոնե կարող էինք օգտագործել: Ոչ թե իրանք եկել տարել են ոչխարները, այլ ոչխարներն են անցել սահմանը, այսինքն չգիտեմ, ժողովուրդը չեն հետեւել, կամ անուշադրության են մատնում, ոչխարները անցել են: Ամեն բան այդ մարդկանց համար արվել է, մնացածը տեսնենք` ոնց կլինի, ոնց կարող ենք վերադարձնել»,-ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ պատերազմից հետո կենդանիների գլխաքանակը մեծացել է, իսկ արոտավայրերի քանակը պակասել, այդ պատճառով էլ նման դեպքեր են տեղի ունենում:

«Ցավն այն է, որ մի բնակչի է այս բոլոր անասունները պատկանում ու շատ մեծ վնաս է հասցվել այդ մարդուն: Մենք հիմա տեղեր կան, որ փշալարեր ենք անցկացնում, բայց ամեն դեպքում բնակիչները պետք է շատ ուշադիր լինեն, որ նման դեպքեր էլ տեղի չունենան: Մենք պետք է այնպես անենք, որ նման դեպքերն չլինի, որ գյուղացին չհիասթափվի, իր ապրուստը կորցնի, համ էլ էսօր ոչխար է անցնում, մի օր էլ, Աստված չանի, մարդ կարող է անցնի»,- ասաց նա:

Համայնքապետի օգնականը հավելեց, որ եթե ոչխարներին չվերադարձնեն կփորձեն փոխհատուցում տալ, այդ հարցով մտադիր են դիմել նաեւ Կառավարությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԻՊ Արման Թաթոյանի տեղեկացմամբ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում